
Սերժ Սարգսյանի դեմ ցույցը ես էի կազմակերպել Փարիզում, բայց նա իմ մուտքը ՀՀ չփակեց. Մուրադ Փափազյան
«Երբ Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտության ժամանակ եկավ Փարիզ, մենք ցույց արեցինք, որովհետև այդ արձանագրություններում, ըստ մեզ՝ թեպետ գրված չէր, բայց կարծում էինք, որ Արցախից ու Ցեղասպանության ճանաչումից հրաժարումի հարցը կար։ Սխալ էինք հասկացել։ Սերժ Սարգսյանի դեմ Փարիզում բողոքի ցույցը ես էի կազմակերպել, բայց Սերժ Սարգսյանն իմ մուտքը Հայաստան չարգելեց։
Տարիներ անց, երբ ես հանդիպեցի նրա հետ, ինքն ինձ ասաց՝ լավ արեցիք, որ այն ժամանակ ցույց կազմակերպեցիք, դուք իրավունք ունեիք ձեր կարծիքը հայտնել։ Մենք խոսեցինք, հասկացանք իրար»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Բյուրոյի անդամ, ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։
Վերջինս նշեց՝ Նիկոլ Փաշինյանն այլևս որևէ հեղինակություն չունի, և ժողովուրդը վաղուց հասկացել է, որ նա անդադար ստում է:
«Մենք այս կռիվը հաղթելու ենք։ Ես չգիտեմ՝ ինչպիսին կլինեն աշխարհաքաղաքական հաջորդ քայլերը, բայց Նիկոլ Փաշինյանը չի կարող մնալ Հայաստանի վարչապետ։ Հայ ժողովուրդն արդեն հասկացել է՝ ինչ սխալ է գործել։ Այլընտրանքային կառավարություն է պետք ձևավորել՝ արդար, ազգային բնույթ ունեցող սոցիալական Հայաստան ունենալու համար։
Հայաստանը ծով չունի, բայց Սփյուռք ունի։ Դա հզոր ուժ է։ Պետք է ուժեղ ու անկախ Հայաստանը վերականգնել, որ հայ երիտասարդն ապագա կերտելու համար չմտածի երկրից դուրս գալու մասին»,- ասաց Մուրադ Փափազյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: