«Սիրիայում իրավիճակը հեշտ չի կայունանա. Չհաստատված տեղեկություններով՝ թուրքական ստորաբաժանումներն են տեղափոխում այնտեղ». Ռուբեն Սաֆրաստյան

Մարտի 6-ի երեկոյան Սիրիայում տեղի են ունեցել բախումներ Ասադի կողմնակիցների և Սիրիայում Կառավարության անվտանգության ուժերի միջև։ Բախումները շարունակվում են նաև այսօր, երեկվա տվյալներով՝ արդեն կա 130 զոհ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։

Բախումների հետևանքով՝ պարետային ժամ է սահմանվել Լաթաքիա և Տարտուս նավահանգստային քաղաքներում, այս մասին հայտնել էր Սիրիայում լույս տեսնող Գանձասար պարբերականը։

Սիրիայում ստեղծված իրավիճակն ի՞նչ զարգացումներ կարող է ունենալ, Սիրիայում որպես գլխավոր դերակատար՝ ի՞նչ քայլերի կդիմի Թուրքիան։

ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը պատասխանելով այս հարցերին, հիշեցրեց՝ նախորդ տարի Սիրիայում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բազմիցս ասել է, որ Սիրիայում ամեն ինչ հանգիստ չի ընթանալու, քանի որ այն արդեն մասնատված է, և կան ուժեր, որոնք չեն ընդունում ներկայիս իշխանություններին։

Կարդացեք նաև

«Մյուս կողմից էլ, եթե մի քիչ ավելի խորքը գնանք՝ կտեսնենք, որ Սիրիայի այսօրվա իշխանությունները եղել են ծայրահեղ իսլամիստական տարբեր խմբավորումների անդամներ։ Հետևաբար՝ այս հանգամանքներով պայմանավորված, Սիրիայում իրավիճակն այսպես հեշտ չի կայունանա։

Կան տվյալներ, որոնք դեռևս հաստատված չեն, որ արդեն թուրքական ստորաբաժանումներն են տեղափոխում այդ տարածաշրջան, որպեսզի օգնեն կառավարական ուժերին»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Նրա խոսքով՝ Թուրքիան ամեն ինչ կանի, որպեսզի տարածաշրջանը, որտեղ բնակվում են ալավիները՝ մեկուսացնի Սիրիայի մյուս հատվածներից։ Թուրքիան հնարավորինս կաջակցի Սիրիայի իշխանություններին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանին ու Իրանին, Ռուբեն Սաֆրաստյանը նկատեց՝ Սիրիայում նրանք չեն կարող իրավիճակն օգտագործել հօգուտ իրենց։

«Իրադրությունն այնպիսին է, որ Իրանի ու Ռուսաստանի դիրքերը Սիրիայում թուլացել են։ Նաև կան չճշտված տեղեկություններ, որ ալավիները սպանդի վտանգի ներքո են գտնվում, նրանց ներկայացուցիչներից որոշներն իրենց փրկությունը փորձում են փնտրել Սիրիայում տեղակայված ռուսական ռազմաբազայում»,- հավելեց մեր զրուցակիցը։

Խոսելով Սիրիայի հայ համայնքի ու առհասարակ քրիստոնյաների անվտանգության մասին, Ռուբեն Սաֆրաստյանը փոխանցեց, որ, ըստ տեղեկությունների, հարձակումների են ենթարկվում նաև քրիստոնյաները, խաղաղ բնակիչների շրջանում նույնիսկ կան զոհեր։

«Տարբեր աղբյուրներից նման հաղորդագրություններ Սիրիայից գալիս են։ Ամեն դեպքում տեղի իշխանությունը փորձում է այդ ամենը կոծկել, այնպես անել, որպեսզի տեղեկատվությունը դուրս չգա։

Կոնկրետ հայ համայնքի հետ կապված՝ տպավորություն է, որ մինչև այս պահը իրավիճակը հանգիստ է եղել, հույս ունենանք, որ հայ համայնքը չի ենթարկվի հարձակումների»,- ընդգծեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերի 8-ին սիրիացի զինյալները գրավել էին Դամասկոսը և իրենց ձեռքը վերցրել երկրի կառավարման ղեկը, որը ստանձնել է զինյալների պարագլուխ Աբու Մուհամմադ ալ-Ջուլանին։ Սիրիայի նախկին նախագահ Ասադը, ով երկիրը կառավարել էր 24 տարի՝ լքել էր Սիրիան։

Տեսանյութեր

Լրահոս