Բաժիններ՝

Մակրոնը պատրաստ է քննարկել Ֆրանսիայի միջուկային պաշտպանությունը եվրոպական դաշնակիցների վրա տարածելու հնարավորությունը

Ֆրանսիան պատրաստ է քննարկել իր միջուկային պաշտպանության տարածումը եվրոպական գործընկերների վրա, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մարտի 5-ի հեռուստաուղերձում, որի ընթացքում զգուշացրել է, որ Եվրոպան պետք է ընդունի Ռուսաստանից եկող սպառնալիքի առկայությունը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մեր միջուկային զսպումը պաշտպանում է մեզ. այն ամբողջական է, ինքնիշխան, լիովին ֆրանսիական։ Բայց արձագանքելով Գերմանիայի ապագա կանցլերի պատմական կոչին, ես որոշել եմ բացել ռազմավարական քննարկում մեր զսպման միջոցով Եվրոպա մայրցամաքում մեր դաշնակիցների պաշտպանության թեմայով», – ասել է Ֆրանսիայի նախագահը։

Ֆրանսիան և Բրիտանիան Եվրոպայի միակ միջուկային տերություններն են։

Գերմանիայի ապագա կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կասկած էր հայտնել այն առումով, որ ՆԱՏՕ-ն մինչև հունիս կմնա իր «ներկայիս ձևով», և կողմ էր արտահայտվել Ֆրանսիայի և Բրիտանիայի հետ բանակցություններ սկսելուն՝ նրանց միջուկային պաշտպանության ընդլայնման շուրջ։

Հեռուստաուղերձում Մակրոնը նաև հայտարարել է, որ Ֆրանսիան ավելի մեծ գումար կծախսի պաշտպանության վրա և կշարունակի օգնել Ուկրաինային։ Նա մտահոգություն է հայտնել Ռուսաստանի առնչությամբ և ԱՄՆ-ի քաղաքականության փոփոխության առնչությամբ։

Ֆրանսիայի նախագահը հույս է հայտնել, որ Միացյալ Նահանգները «կմնա մեր կողքին»՝ հավելելով, որ եթե այդպես չլինի, Եվրոպան պետք է պատրաստ լինի։

«Ռուսաստանը սպառնալիք է դարձել Ֆրանսիայի և Եվրոպայի համար…. Դրան հետևելը և ոչինչ չանելը խելագարություն կլինի», – ասել է Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ Փարիզը կմեծացնի պաշտպանական ծախսերը, չնայած չի ասել, թե որքանով։ Նա նշել է, որ այդ ծախսերը ֆինանսավորելու համար հարկերի բարձրացում չի լինի, սակայն պետք է բարդ ընտրություններ կատարվեն։

Բրիտանիան և Գերմանիան նույնպես հայտարարել են պաշտպանական ծախսերը մեծապես ավելացնելու պլանների մասին։

Reuters գործակալությունը, հղում անելով դիվանագիտական իր աղբյուրներին, ավելի վաղ հայտնել էր, որ Ֆրանսիան և Բրիտանիան մտադիր են Ուկրաինայի հետ վերջնական տեսքի բերել խաղաղության պլանը, որը պետք է ներկայացվի Միացյալ Նահանգներին։

Ըստ աղբյուրների՝ դա կարող է տեղի ունենալ «առաջիկա օրերին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս