
Դուք երբեք մենակ չեք մնա. մի շարք երկրների ու կառույցների ղեկավարներ աջակցել են Զելենսկիին

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի լարված բանակցություններից հետո եվրոպական մի շարք կառույցների ու երկրների ղեկավարներ X-ի իրենց էջերում աջակցություն են հայտնել Զելենսկիին ու Ուկրաինային:
Զելենսկին իր էջում կիսվել է այդ գրառումներով՝ շնորհակալություն հայտնելով աջակցության համար: «Կա ագրեսոր՝ Ռուսաստանը, կա հարձակման տակ գտնվող ժողովուրդ՝ Ուկրաինան։ Մենք բոլորս ճիշտ էինք 3 տարի առաջ՝ օգնելով Ուկրաինային և պատժամիջոցներ կիրառելով Ռուսաստանի նկատմամբ և շարունակելու ենք դա անել»,–գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան ուկրաիներեն գրառմամբ վստահեցրել է՝ կշարունակեն աշխատել Զելենսկիի հետ՝ հանուն արդար և կայուն խաղաղության: «Եղեք ուժեղ, համարձակ, անվախ: Դուք երբեք մենակ չեք մնա, հարգելի նախագահ Զելենսկի»,–գրել է Կոշտան:
Նույնատիպ գրառումներով հանդես են եկել նաև Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը, Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:
Զելենսկիին աջակցություն է հայտնել նաև Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը: «Ուկրաինան դարձել է ռուսական ագրեսիայի զոհ: Ռուսաստանը պատերազմում է բազմաթիվ ընկերների և գործընկերների օգնությամբ: Մենք պետք է ջանք չխնայենք արդար և կայուն խաղաղության համար։ Դիվանագիտությունը երբեմն անհնարինի արվեստ է դժվար հանգամանքներում»,–նշել է նա:
Սլովենիայի նախագահ Նատաշա Պիրց-Մուսարն էլ գրել է. «Սլովենիան պաշտպանում է միջազգային իրավունքի և միջազգային հարաբերությունների սկզբունքներն ու դրանց նկատմամբ հարգանքը: Այն, ինչին ականատես եղանք Օվալաձև գրասենյակում, խարխլում է այդ արժեքներն ու դիվանագիտության հիմքերը։ Մենք հաստատապես պաշտպանում ենք Ուկրաինայի ինքնիշխանությունը։ Կրկնում ենք՝ ագրեսորը Ռուսաստանն է»,- գրել է Սլովենիայի նախագահը:
Աջակցող գրառումներով են հանդես եկել նաև մի շարք այլ երկրների ղեկավարներ, արտաքին գործերի նախարարներ ու այլ գործիչներ: Զելենսկին Միացյալ Նահանգներ էր ժամանել Ուկրաինայի հանքերի վերաբերյալ համաձայնագրի ստորագրման համար, սակայն լարված բանակցությունների պատճառով համաձայնագրի ստորագրումը տապալվել է, Զելենսկին ժամանակից շուտ հեռացել է Սպիտակ տնից։ Չեղարկվել էր նաև Զելենսկիի և Թրամփի մասնակցությամբ մամուլի ասուլիսը, որը նախատեսված էր բանակցություններից հետո։