
Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է. Նիկոլ Փաշինյան
Ես երբեք չեմ ասել, որ Մարտի 1-ի գործն ամբողջությամբ բացահայտված է, այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես «ամբողջությամբ» բառը չեմ օգտագործել, բայց ես ուզում եմ ասել, որ Մարտի 1-ի գործում բացահայտելու հանգամանքներ կան, ավելի ճիշտ, ոչ թե բացահայտելու, այլ՝ իրավական գնահատականի արժանացնելու, քննելու, հետաքննելու»,- նշեց նա։
Նիկոլ Փաշինյանն ասաց, թե Մարտի 1-ի գործի բացահայտմամբ զբաղվելը եղել է ու մնում է այն կարևոր խնդիրներից մեկը, որն ինքն առաջադրել է։
«Վերջին շրջանում տեղի է ունեցել Քննչական կոմիտեի նոր ղեկավարի նշանակում, նաև հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի մրցույթն է, նաև ժամանակին քննարկել ենք գլխավոր դատախազի թեկնածությունը:
Մարտի 1-ի ամբողջական բացահայտմամբ զբաղվելը եղել է այն կարևոր խնդիրներից մեկը, որը ես մեր գործընկներներին առաջադրել եմ: Երբ որ ես ասում եմ՝ բացահայտված է՝ ի՞նչ է տեղի ունեցել, տեղի է ունեցել բռնի ուժով, բանակի ներգրավմամբ հանցավոր խմբավորումների, ապօրինի զինված խմբավորումների ներգրավմամբ տեղի է ունեցել քաղաքացիական բողոքների ճնշում և սպանություններ, այս ամեն ինչը պետք է ինչ-որ ձևով ընթացք, իրավական գնահատական ստանա, բաց դա պետք է իրականացնեն իրավապահ մարմինները»։
Հիշեցնենք, որ 2021թ. ապրիլի 14-ին ԱԺ-ում Փաշինյանը հայտարարել է, որ Մարտի 1-ի գործն «ամենայն մանրամասնությամբ բացահայտված է»։
«Ես չգիտեմ, թե այդ քրեական գործի հատորները ինչ կարգավիճակ ունեն հիմա, բայց բացահայտում ասելով՝ մենք նկատի ունենք ճշմարտության բացահայտումը: Ի վերջո, այդ նյութերը կան, նյութերը չեն այրվելու, ես ենթադրում եմ, որ դրանք մի իքս պահի ունենալու են այնպիսի կարգավիճակ, որ կարող է ուղղակի հրապարակվել, և դուք կտեսնեք՝ Մարտի 1-ի գործը ամենայն մանրամասնությամբ բացահայտված է:
Հիմա այդ բացահայտումը քրեական օրենսգրքի որ հոդվածին է համապատասխանում, որ հոդվածին չի համապատասխանում, որ հոդվածն է սահմանադրական, որը՝ հակասահմանադրական, դա ուրիշ թեմա է: Դա իրավաբանական բանավեճ է, ես չեմ ուզում մտնել դրա մեջ, չեմ էլ կարող, որովհետև իրավական գնահատական տալն իմ գործառույթի մեջ չի մտնում»:
Փաշինյանն ընդգծեց, որ իրենց համար արդար դատական համակարգն է իդեալ. «Ես չեմ կարող ասել, որ այսօր բոլոր մեղավորները բանտում են, բայց ես գիտեմ, որ այսօր ՀՀ-ում անարդար կերպով բանտում հայտնված մարդ չկա: Եվ, այո՛, դա մեր հեղափոխության, սկզբունքայնության արդյունքն է»:
Իսկ արդյո՞ք «ամենայն մանրամասնությամբ բացահայտված է» արտահայտությունը չի նշանակում «ամբողջությամբ բացահայտում»։ Ի՞նչն է փորձում հերքել Փաշինյանը, հասկանալի չէ։