
Հայաստանի ֆուտբոլի կանանց հավաքականն ամբողջական թիմ է դառնում` իսկական մարզական ոգով. Մարալ Արթին

Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմի ավագ Մարալ Արթինի կարծիքով՝ հավաքականի հաջող ելույթները տարիների համառ աշխատանքի արդյունք են:
«Ազգային թիմում երբեք հեշտ խաղեր չեն լինում: Լիխտենշտեյնի ընտրանին բավականին փորձառու թիմ է: Հայաստանի հավաքականը բավականի լավ էր պատրաստվել այդ խաղին, քանի որ Ազգերի լիգայի մեկնարկային հանդիպումն էր: Մարզչական շտաբն էլ լավ էր ուսումնասիրել մրցակցին: Մեզ համար հեշտ հանդիպում չէր, նույնիսկ այն դեպքում, որ հաղթեցինք 6:1 հաշվով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արթինը:
Անդրադառնալով Ղազախստանի հետ ընտրական փուլի երկրորդ խաղին` Արթինն առանձնացրեց, որ թիմն այլ տրամադրվածությամբ է մոտեցել այդ հանդիպմանը, քանի որ ղազախները համեմատաբար ավելի բարդ մրցակից են:
«Մենք հստակ գիտեինք, որ Ղազախստանի հավաքականն առավել ագրեսիվ ֆուտբոլ է ցուցադրում: Հասկանում էինք, որ նրանք չեն թողնելու մեզ սեփական խաղը թելադրել»,-ասաց նա:
Կանանց ընտրանու ավագի խոսքով` Հայաստանի ընտրանին դեռևս 5 տարվա կյանք ունի և քիչ-քիչ ձևավորվում է՝ որպես մեծ թիմ, մեծ ընտանիք: Հիմա թիմում երկու սերունդների համադրություն կա` ավագները փորձով են օգնում ընտրանուն, երիտասարդները` նոր ավյունով:
«Մենք տարիներ շարունակ աշխատում ենք միասին և հիմա իսկական թիմ ենք դարձել: Ես էլ՝ որպես ավագ, ամեն ինչ անում, որ մենք մեկ ընտանիք լինենք: Հայաստանի կանանց հավաքականն ամբողջական թիմ է դառնում` իսկական մարզական ոգով: Թիմը տարիների ընթացքում շատ փոփոխություններ կրեց, և դա երևում է խաղից խաղ: Մեր նպատակն է, որ այս հաղթանակները շարունակական լինեն»,-ասաց նա:
Արթինն անդրադարձավ նաև Հայաստանի հետ նույն խմբում ընդգրկված Լյուքսեմբուրգի թիմին ` շեշտելով, որ Լյուքսեմբուրգի հավաքականի խաղի ամբողջական վերլուծություն չի կատարվել, սակայն իր անձնական կարծիքով՝ այս ենթախմբում ամենաուժեղ մրցակիցը հենց Լյուքսեմբուրգն է:
Հայաստանի կանանց հավաքականն Ազգերի լիգայի մեկնարկային երկու խաղերում հաղթանակ տոնեց` գերազանցելով Լիխտենշտեյնին (6:1) և Ղազախստանին (2:0): Այժմ Հայաստանի ընտրանին մրցաշարային աղյուսակի առաջատարն է: Հաջորդ հանդիպումը թիմը կանցկացնի ապրիլին` հյուրընկալելով Լյուքսեմբուրգին: