Կարծում եմ` դա, բոլոր դեպքերում, հմտորեն մշակված «բազար» էր. Հակոբ Բադալյան

Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանը տելեգրամի իր ալիքում գրել է․

«Սպիտակ տանը Թրամպ-Զելենսկի հանդիպումը, որին ներկա են եղել ԱՄՆ փոխնախագահը, պետքարտուղարը, նաև այլ պաշտոնյաներ, բազմաթիվ լրատվամիջոցներ, ըստ էության անցել է աննախադեպ կոպիտ:

Հավանաբար շատերդ տեսել եք արդեն տեսանյութերը, ծանոթացել եք հաղորդագրություններին:

Ընդ որում, հանդիպումը կարծես թե սկսում էր բավականին լավ: Թրամպը Զելենսկուն դիմավորեց մուտքի մոտ: Բայց, հանդիպման ընթացքում հանկարծ ծավալվեց լարվածություն և Զելենսկին պարզապես ենթարկվեց ուժգին, աննախադեպ գրոհի:

Ամենից էականը Թրամպի հայտարարությունն էր, թե՝ «եկա եզրահանգման, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության»:

Սա ըստ իս նշանակում է, որ Զելենսկու վրա է բարդվում պատերազմի շարունակությունը: Կարծում եմ, որ ամերիկյան տեխնոլոգները բավականին հմտորեն կազմակերպել են լարվածությունը Սպիտակ տանը, Զելենսկուն հմտորեն ներքաշելով բավականին դաժան մի ծուղակ, որի վերջում Թրամպը անում է իր եզրահանգումը, այսինքն, ինչպես նշեցի՝ պատերազմի շարունակությունը, ըստ այդմ նաև հետևանքը բարդում նրա վրա:

Հիմա գլխավորը: Էր Ռիյադում բանակցությունից հետո իմ անդրադարձերում ես նկատեցի, որ կարծես թե քննարկվել է պատերազմի շարունակության միջոցով որոշակի վերադասավորումների տարբերակ, երբ սակարկության քաղաքական համաձայնությունները հնարավոր է իրագործել միայն պատերազմի միջոցով: Այդ գրառումներիցս մեկի հղումը կարող եք տեսնել հենց այս գրառմանս վերևում: Ընդ որում, հետո արեցի մեկ այլ գրառում, նկատելով, որ Էր Ռիյադի հանդիպումից հետո Թրամպը ուժգնացրել է գրոհը Զելենսկու հանդեպ, ինչը հաստատում էր առաջին եզրակացությունս:

Նախօրեին, Լավրովը Դոհայում, Պեսկովը Մոսկվայում, հայտարարում են, որ Ռուսաստանի Սահմանադրությամբ «ներառված» տարածքները չեն կարող լինել սակարկության առարկա: Սա նշանակում է, որ Ուկրաինայի՝ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեյի մարզերը Ռուսաստանը շարունակելու է համարել իրենը և դրանց վերաբերյալ չի գնալու որևէ փոխզիջման: Ամբողջ հարցն այն է, որ այդ շրջանների ոչ բոլոր տարածքներն են օկուպացված: Մինչդեռ Ռուսաստանը հայտարարում է, որ կողմնակից չէ պարզապես հրադադարին, կհամաձայնի միայն ամբողջական լուծումներ ենթադրող դադարին:

Եվ ուրեմն առաջանում է հարց՝ մինչև պատերազմի դադարը դրանք որևէ կերպ տրվելու՞ են Ռուսաստանին: Իսկ ինչպե՞ս, եթե ոչ պատերազմով:

Սա իհարկե իմ ենթադրությունն է, որ բխեցնում են պրոցեսի դրվագները համադրելով և տրամաբանության իմ սխեման կազմելով:

Բայց, համենայն դեպս կարծում եմ, որ հենց այդ սցենարի համար պետք է պատասխանատու, և ով, եթե ոչ Զելենսկին, այլ կերպ ասած՝ պարզապես արդեն իսկ վառված, խփված խաղաքարտը:

Համենայն դեպս, հետևենք: Բոլոր դեպքերում, որևէ կերպ չեմ կարողանում հավատալ, որ իրավիճակը Սպիտակ տանը պարզապես կարող էր այդ աստիճան դուրս գալ վերահսկողությունից և վերածվել «բազարի»: Հետևաբար, կարծում եմ դա բոլոր դեպքերում հմտորեն մշակված «բազար» էր:

Գուցե և բոլորովին այլ նկատառումներով կամ պլանով, բայց հմտորեն «հյուսված» թակարդ»:

Տեսանյութեր

Լրահոս