
Մեքսիկան ԱՄՆ-ին է հանձնել նարկոբարոն Ռաֆայել Կարո Կինտերոյին և կարտելների 29 անդամների

Մեքսիկան ԱՄՆ իշխանություններին է արտահանձնել Գվադալախարա կարտելի հիմնադիրներից Ռաֆայել Կարո Կինտերոյին, ինչպես նաև կարտելների 29 անդամների: Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով ԱՄՆ Արդարադատության նախարարությանը։
Նշվում է, որ արտահանձնվածների թվում կան կարտելների ղեկավարներ և անդամներ, որոնք ներգրավված են ԱՄՆ-ում կատարված մի շարք հանցագործություններում։
Կինտերոն, որը 1970-1980-ականներին գլխավորել է Մեքսիկայից ԱՄՆ թմրանյութերի մատակարարումը, 40 տարվա ազատազրկման էր դատապարտվել ԱՄՆ թմրանյութերի դեմ պայքարի վարչության (DEA) գործակալ Էնրիկե Կամարենայի առևանգման, խոշտանգումների և սպանության համար։ Նա 2013 թվականին ազատ էր արձակվել, սակայն այդ որոշումը ճանաչվել էր որպես տեխնիկական սխալ, բայց նա կարողացել էր թաքնվել։ 2022 թվականին Կինտերոն կրկին ձերբակալվել էր, ինչից հետո ԱՄՆ-ն սկսեց ակտիվորեն պահանջել նրա արտահանձնումը։
ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ արտահանձնվածների թվում է նաև Մարտին Սոտելոն, որը մեղադրվում է 2022 թվականին Շարլոտ քաղաքում շերիֆի տեղակալի սպանության մեջ։
DEA-ի ղեկավարի պաշտոնակատար Դերեկ Մալցը նշել է, որ Կինտերոն քառասուն տարի գլխավորել է ամենահետախուզվող հանցագործների ցուցակը, և այժմ նա հանձնվել է ԱՄՆ արդարադատությանը։
ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդին ընդգծել է, որ ԱՄՆ-ն շարունակելու է կոշտ պայքարը կարտելների դեմ, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը նշել է, որ կարտելները դիտարկվում են որպես ահաբեկչական խմբավորումներ և պետք է ոչնչացվեն։