
Ռուսաստանը առաջարկել է վերականգնել ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը

Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում Ռուսաստանի պատվիրակությունը առաջարկել է վերականգնել ԱՄՆ-ի հետ ուղիղ ավիահաղորդակցությունը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Գերատեսչության տվյալներով՝ քննարկվել են նաև դիվանագիտական առաքելությունների ֆինանսավորման և դիվանագետների աշխատանքի հետ կապված հարցեր։
«Քննարկումներն անցել են բովանդակային և գործնական մթնոլորտում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել երկխոսությունը տվյալ ուղղությամբ»,– նշված է հաղորդագրության մեջ։
ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիահաղորդակցությունը դադարեցվել էր Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո՝ արևմտյան պատժամիջոցների շրջանակում։