
Նիկարագուան որոշել է դուրս գալ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից

Նիկարագուան հայտարարել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդից դուրս գալու մասին՝ նշելով, որ որոշումը պայմանավորված է իր ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունքով։
Երկրի փոխնախագահ և առաջին տիկին Ռոսարիո Մուրիլյոն հայտարարել է, որ Նիկարագուան ընդունել է «ինքնիշխան և անդառնալի որոշում»՝ դադարեցնել համագործակցությունը Մարդու իրավունքների խորհրդի և դրա օժանդակ մեխանիզմների հետ։
«Նիկարագուան արտահայտում է իր ինքնիշխան և անդառնալի որոշումը՝ դուրս գալ Մարդու իրավունքների խորհրդից և այս խորհրդի ու դրա բոլոր օժանդակ մեխանիզմների հետ կապված բոլոր գործողություններից»,- հայտարարել է Մուրիլյոն, ինչպես փոխանցում է Canal 4-ը։
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը բազմիցս քննադատել է Նիկարագուայի իշխանություններին մարդու իրավունքների խախտումների համար, ինչը, ըստ երկրի ղեկավարության, միջամտություն է ներքին գործերին։