COVID-19-ից մահացած ֆուտբոլիստի գործով բժշկին մեղադրանք է առաջադրվել

Կորոնավիրուսից (COVID-19) մահացած 20-ամյա վրացի ֆուտբոլիստ Վախթանգ Չարկվիանիի գործով Հանրապետական ​​հիվանդանոցի (Կղիփշիձեի անվան համալսարանական կլինիկա) թերապևտիկ բաժանմունքի բժշկին մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Դատախազությունը նրան մեղադրում է ֆուտբոլիստի բուժման ընթացքում արձանագրությունը շրջանցելու մեջ։ Քրեական օրենսգրքի (220-րդ հոդվածի 2-րդ մաս)՝ պաշտոնեական անփութության համար նրան սպառնում է 2-5 տարվա ազատազրկում։

«Կլինիկայի թերապևտիկ բաժանմունքի բժիշկը, ում անմիջական մասնակցությամբ ընթանում էր բուժման գործընթացը, հաշվի չի առել հիվանդի կլինիկական վիճակը տնօրինելու համապատասխան արձանագրությունը, առանց անհրաժեշտ հետազոտություն անցկացնելու հիվանդին դեղորայք է նշանակել»,- ասված է դատախազության հաղորդագրությունում։

Նույն գործով Թբիլիսիի քաղաքային դատարանը մեղավոր է ճանաչել ավագ բուժքույր Թեա Բեգիաշվիլիին, որը մեղադրվում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 1-ին մասով՝ կեղծ պաշտոնական փաստաթուղթ կազմելու համար։

20-ամյա ֆուտբոլիստը մահացել է 2021 թվականի սեպտեմբերի 10-ին՝ բուժման մեկնարկից ուղիղ մեկ ամիս անց, ակադեմիկոս Նիկոլոզ Կղիփշիձեի անվան կենտրոնական համալսարանական կլինիկայում։ Մահացած ֆուտբոլիստի հայրը՝ Գաիոզ Չարկվիանին, միջնորդել է գլխավոր դատախազությանը հետաքննություն սկսել։ Միաժամանակ նա դիմել է նաև Առողջապահության նախարարության Բժշկական և դեղագործական գործունեությունը կարգավորող գործակալություն՝ գործը քննելու պահանջով։

Շուտով գլխավոր դատախազությունը գործի հետաքննություն է սկսել և Գաիոզ Չարկվիանիին տուժողի կարգավիճակ է շնորհել։ Գաիոզ Չարկվիանին կարծում է, որ իր որդին մահացել է Հանրապետական ​​հիվանդանոցում ոչ պատշաճ վերաբերմունքի հետևանքով։

Տեսանյութեր

Լրահոս