Լա՛վ, ինչո՞ւ պետք է ես հայկականությունը պաշտպանեմ ոչ թե ադրբեջանցիներից, այլ՝ Մարիա Կարապետյանից. Հայկ Մամիջանյան

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչած իշխանության ներկայացուցիչ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը շարունակում է պնդել՝ Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչվել է ոչ թե իր ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից, այլ՝ Ալմա Աթայի հռչակագրին Հայաստանի միացմամբ, ուստի, իր ղեկավար Նիկոլ Փաշինյանը Պրահայում Արցախն Արդբեջանի մաս է հռչակել, որպեսզի ճանապարհ հարթի և հնարավոր լինի Լեռնային Ղարաբաղի հայերի համար Արցախում ապրելը։

Այս մասին Կարապետյանն ասել է «Ազատության» եթերում՝ ընդգծելով, թե Փաշինյանն արել է մի բան, որ արցախցիների համար հնարավոր լինի շարունակել ապրել Լեռնային Ղարաբաղում՝ փակելով դեֆորմացված տարածքային վեճի մասին խոսակցությունները։

Թե ինչպե՞ս ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանի հարթած ճաապարհով Արցախում ապրող 120.000 հայը ոչ թե մնաց իր պատմական հայրենիքում, այլ՝ ենթարկվեց էթնիկ զտման, 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում փորձեցինք պարզել ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանից։

«Տիկին Կարապետյան, Ձեր ստեղծած հնարավորության հետևանքով Արցախում հայեր չեն ապրում, մինչ այդ՝ ապրում էին, իսկ գուցե չխառնվեի՞ք։ Կամ՝ ի՞նչ է նշանակում՝ ասել, թե իրենց գործողությունները չեն լեգիտիմացրել Ադրբեջանի կողմից իրականացրած ցեղասպանական գործողությունները, այո՛, չեն լեգիտիմացրել, բայց չէ՞ որ ձեր արածը հնարավորություն է տվել Ադրբեջանին իրականացնել էթնիկ զտում և ցեղասպանական գործողություններ»,- հակադարձեց Հայկ Մամիջանյանը՝ հիշեցնելով՝ ԵՄ բարձր հանձնակատար Բորելն է հայտարարել, որ պատմության մեջ առաջին հայ ղեկավարը, որը ճանաչել է Արցախն Ադրբեջանի կազմում, Նիկոլ Փաշինյանն է։

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է Մարիա Կարապետյանի այն պնդմանը, թե Արցախն Ադրբեջանի կազմում է հայտնվել, որովհետև բանակցային ողջ գործընթացի ընթացքում տարածքային ամբողջականությունը և ինքնորոշման իրավունքը դրվել են իրար կողքի, ինչի հետևանքով ի չիք է դարձել Արցախի՝ հնարավոր անկախության և Հայաստանին միավորվելու թեզը, ապա Հայկ Մամիջանյանը ՔՊ-ական պատգամավորին հիշեցրեց.

«Կա 1970 թվականի ՄԱԿ-ի բանաձև, որում շատ հստակ ասվում է, որ երկրների տարածքային ամբողջականությունը նորմ է միայն այն պարագայում, եթե այդ երկրների Կառավարությունները ներկայացնում են իրենց ամբողջ բնակչությանը, իսկ Ադրբեջանի Կառավարությունն արցախցիներին չէր ներկայացնում։ Ամենակարևորը, տարածքային ամբողջականությունը վերաբերում էր նախկին ԼՂԻՄ տարածքը շրջապատող տարածքներին, որոնց վերաբերյալ 30 տարի խոսվել է փոխզիջումների համատեքստում, իսկ ինքնորոշման իրավունքը վերաբերում էր Արցախի հայերի ինքնորոշման իրավունքին։

Չեմ հասկանում՝ ի՞նչն է այստեղ անհասկանալի, հետևապես, Մարիա Կարապետյանի ասածը տեղավորվում է հերթական մոլորությունների համատեքստում։ Դա քաղաքական ժանգլյորություն է և ոչ տաղանդավոր. ինչպես անում են, գցում են իրենց ոտքերին,- ասաց Մամիջանյանը՝ հավելելով,-  Լավ, ուզում եմ հասկանալ՝ ինչո՞ւ պետք է այս ու հայանպաստ այս թեզերը, հայկականությունը ես պաշտպանեմ ոչ թե ադրբեջանցիներից, այլ Մարիա Կարապետյանից»։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս