
«Վերջին թպրտոցներն են. ընդդիմությունը պետք է ճնշումն ավելացնի. Սյունիքի գլխին փորձանք կա». Վաչե Բրուտյան
Երեկվանից սոցիալական ցանցերը ողողված են Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի լուսանկարներով, որոնցում օրեր շարունակ հացադուլի մեջ գտնվող Վարդանյանը կապտուկներով է: Նրա պաշտպան Ջարեդ Գենսերը նշել է, որ Ռուբեն Վարդանյանի առողջությունը վտանգված է, և կոչ էր արել աշխարհի առաջնորդներին, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին, դատապարտել այս ցուցադրական դատավարությունը, այն որակել՝ որպես քաղաքական և ապօրինի: Ռուբեն Վարդանյանի որդին՝ Դավիթ Վարդանյանը, տեսանյութի միջոցով կոչ է արել պայքարել Բաքվում տեղի ունեցող ցուցադրական դատավարությունների դեմ՝ ընդդեմ իր հոր և մեր մնացած հայրենակիցների։
Քաղաքագետ, հրապարակախոս Վաչե Բրուտյանն այն կարծիքին է, որ առաջին հերթին պետք է ՀՀ իշխանություններից որևէ քայլ ակնկալել:
«Խոսքը նորմալ իշխանությունների մասին է, ոչ թե՝ այս, որոնց բացարձակապես հետաքրքիր չէ, թե ինչ տեղի կունենա այնտեղ՝ Բաքվում: Շատ համակարգված է Բաքվի իշխանությունների և Հայաստանի ներկայիս վարչախմբի վերաբերմունքը: Երբ Ռուբեն Վարդանյանը եկավ այստեղ հաստատվելու և Արցախում իր առաքելությունը սկսելու, բոլորս պետք է հիշենք՝ ինչ վայնասուն էր գործող վարչախմբին առնչվող լրատվականներում, որ իբր Վարդանյանը Ռուսաստանի ագենտ է, և այլն: Այդ ժամանակ համակարգված արշավ կար նաև Բաքվից: Հիշում ենք նաև՝ ինչ պայմաններում հրաժարական տվեց, Արցախի անկումից հետո ինչպես նա և մյուսները հայտնվեցին Բաքվի բանտերում: Այսօր ոչ թե այդ անհատների դատավարությունն է տեղի ունենում, այլ Հայաստանն է, որ նստած է ամբաստանյալի աթոռին: Այս ձևով Բաքվի իշխանությունները փորձում են ամբողջ Հայաստանը դատել, իբրև թե, իրենց օրենքների համաձայն, որպեսզի նաև նսեմացնեն մեր ժողովրդի և մեր պետության արժանապատվությունը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Վաչե Բրուտյանը շեշտեց՝ Հայաստանի վարչախումբը ոչ միայն քայլեր չի անում, այլև կաշկանդում է ուրիշների կատարած աշխատանքը. «Այս վարչախումբը ե՞րբ է ճշմարտությունն ասում, անընդհատ ստերով են կերակրում անգամ միջազգային հանրությանը, պարզապես պատասխանատվությունից խուսափելու համար ասում են՝ մենք շատ զգույշ ենք խոսում: Այս երեխայական խաղը շատ ժամանակավրեպ է»:
Նրա դիտարկմամբ՝ Հայաստանի իշխանությունները չունեն ամերիկյան նոր վարչակազմի կողմից այն աջակցությունը, որը կար դեմոկրատների կողմից. «Եթե Ուկրաինան չունի այն աջակցությունը, ինչ նախկինում, ապա ինչպե՞ս ակնկալել, որ Հայաստանը և այս վարչախումբը պետք է ունենան»:
Ըստ նրա՝ գործող վարչախմբի հեռացումն անհրաժեշտություն է, որպեսզի Հայաստանը կարողանա գոյատևել, և համաձայն է այն դիտարկումների հետ, որ նրանք սպասարկում են օտար երկրների շահերը:
««Իրական Հայաստան»-ի խոսակցություններն իր վերջին թպրտոցներն են, որովհետև ինքը լավ գիտի, որ չի վայելում արտաքին այն օժանդակությունը, որ վայելում էր նախկինում, և հիմա փորձում է, ինչպես ասում են, նոր կտեր նետել հանրության մեջ: Ամբողջը փուչ խոսակցություններ են, բառերի հեղեղ, որն իրականության մեջ ծառայում է միայն ու միայն մեր թշնամիների շահերին… Նրանք մինչ օրս Թուրքիայի և Ադրբեջանի պահանջների առաջ միայն զիջել են և ոչ մի բան չեն ստացել այդ զիջումների դիմաց: Հայաստանին բռնի ուժով պարտադրվում է ամեն տեսակի զիջում, իսկ այս իշխանությունն ասում է՝ ես խնդիր չունեմ, ժամանակ տվեք, այդ հարցերը կփաթեթավորեմ: Այս վարչախմբի քաղաքականության հիմնական առանցքն իշխանության ղեկին մնալն է, մնացած բոլորն ածանցյալներ են իրենց համար:
Նրանք ի վիճակի էլ չեն կառավարելու. Մարդիկ, որոնք իրենց ամբողջ կյանքում անգամ 5 հոգանոց անձնակազմ չեն ղեկավարել, հիմա նրանց է հանձնված երկիր ղեկավարելը: 10սմ ձյուն եկավ անցած շաբաթ Երևանում, տեսանք՝ ինչ իրարանցում էր: Անպետք, ապաշնորհ, անկարող, կառավարման ունակությունների զուրկ մարդկանց կույտ է, դուք ակնկալում եք, որ Հայաստանը բարի՞ք տեսնի այս մարդկանց ձեռքով, անկարելի է»,- շեշտեց նա:
Վաչե Բրուտյանի համոզմամբ՝ ժամանակն է, որ ընդդիմությունը ճնշումն ավելացնի գործող իշխանությունների վրա. «Թե՛ քաղաքական իմաստով, թե՛ օրինական քայլերի դիմելով՝ ճնշումը պետք է ավելանա: Տեսեք՝ Բաքվում դատվում է մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը, իսկ այստեղ ի՞նչ է կատարվում, նույն բանն էլ այստեղ է, չէ՞. անցյալ օրն ամբաստանյալի աթոռին էին նստել Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը, Ռոբերտ Քոչարյանը, Արմեն Գևորգյանը… Քաղաքական ճնշումը պետք է բարձրացնել, բողոքի ալիքն ավելացնեն, և հասցնել այնտեղ, որ այս մարդիկ տեսնեն՝ իրենք այլևս նախկին աջակցությունը չեն վայելում»:
Երեկ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ապաշրջափակման շուրջ հայկական կողմի առաջարկներին՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը դրական կարձագանքի:
«Դա վերաբերում է երկաթուղային փոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը, այդ թվում՝ կօգտագործվի Ադրբեջանից Ադրբեջան, այսինքն՝ արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան, Հայաստանի ինքնիշխան տարածքով դեպի Նախիջևան կապի և Հայաստանից Հայաստան՝ Երասխից Մեղրի, և երկու երկրները հնարավորություն կունենան նաև միմյանց տարածքով անցնող երկաթուղիներն օգտագործել միջազգային բեռնափոխադրումների մասին»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը: Նաև նաև համոզմունք էր հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար առաջարկվող լուծումը կլինի 100 տոկոսով ընդունելի։
Վաչե Բրուտյանի դիտարկմամբ՝ Փաշինյանի այս հայտարարությունները մի բան են նշանակում՝ Հայաստանի գլխին աղետ կա. «Երբ Փաշինյանը նման հայտարարություն է անում, նշանակում է՝ Սյունիքի գլխին փորձանք է, ասե՞մ՝ ինչու, որովհետև մենք շատ լավ տեսանք, որ երբ Արցախի մասին էր խոսում, նշում էր Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար նպաստավոր լուծումների մասին, դրա արդյունքը տեսանք: Հիմա, երբ Սյունիքի կամ միջանցքի վերաբերյալ նույն բառապաշարն է գործածում, նշանակում է՝ փորձանք կա Սյունիքի գլխին»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում