
Ադրբեջանն Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը բաց չի թողնելու, նրանց օգտագործում է՝ որպես քաղաքական խաղաթուղթ. Արամայիս Աղաբեկյան

Բաքվի դատարանում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դեմ հարուցված շինծու քրեական գործով դատավարությունը։ Փետրվարի 18-ից Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանն ի նշան կեղծ դատավարության դեմ բողոքի՝ հացադուլ էր հայտարարել:
Ընտանիքի միջոցով միջազգային հանրությանը հասցեագրված իր ուղերձում Վարդանյանը նշել էր. «Ես հրաժարվում եմ այս ֆարսին մասնակցելուց: Ես դիմում եմ աշխարհի առաջնորդներին, միջազգային կազմակերպություններին, իրավապաշտպաններին, լրատվամիջոցների ներկայացուցիչներին՝ այս գործընթացը ձեր ուշադրությունն է պահանջում»։
Շուրջ մեկ շաբաթ հացուդուլի մեջ գտնվելով, երեկ դատարանում Ռուբեն Վարդանյանի ինքնազգացողությունը վատացել է, կեղծ դատավարական գործընթացը հետաձգվել է մինչև մարտի 4-ը։
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանի խոսքով՝ վերջերս հայ պաշտոնյաներից հայ ռազմագերիների, պատանդների թեմային անդրադարձել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը և փոխարտգործնախարարը, այլ պաշտոնյաների չի հիշում, որոնք Բաքվում պահվող գերիների մասին հիշատակած լինեն։
«Իրականում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հարց առանձին գոյություն չունի, գոյություն ունի Բաքվում պահվող հայ ռազմագերիների, պատանդների հարց։ Իհարկե, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը տիրապետում է որոշակի տեղեկատվության։
Արդյո՞ք ՀՀ իշխանությունների կողմից որևէ փակ քայլ իրականացվում է՝ ոչինչ չեմ կարող ասել, որովհետև դա մենք չենք կարող տեսնել։ Ընդդիմադիր գործիչների հարցազրույցներից եմ իմացել, որ փակ հանդիպումներում իրենք փորձում են որոշակի ազդեցություն ունենալ։
Կարծում եմ՝ կոնկրետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերաբերյալ, որքան էլ մեծ լինի ճնշումը, նույնիսկ միջազգային ճնշումը, Ադրբեջանը նրանց բաց չի թողնելու։ Այդ մարդիկ Ադրբեջանի համար քաղաքական խաղաթուղթ են, առաջնահերթորեն՝ հենց տեղեկատվական մակարդակում»,- 168.am-ի հետ զրույցւոմ նշեց Արամայիս Աղաբեկյանը։
Նրա խոսքով՝ եթե Ադրբեջանն ապագայում ՀՀ-ի դեմ ագրեսիա իրականացնելու ծրագրեր ունենա, ինչի վերաբերյալ կասկածներ չունի, ապա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը շատ լավ միջոց է, որպեսզի նրանց ստիպեն ցուցմունքներ տալ, ու այդ ցուցմունքներն օգտագործեն Հայաստանի դեմ, և այդ հիմնավորմամբ էլ սկսեն որոշակի գործողություններ անել։
«Այս թեման գոնե անհատները, հասարակական կազմակերպությունները պետք է միջազգային հարթակներում միշտ բարձրացնեն, որպեսզի Ադրբեջանը գոնե զգուշավորություն ցուցաբերի ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի հարցում։ Ուզում եմ հիշեցնել մի իրադարձության մասին, որը տեղի ունեցավ Արցախի բլոկադայի ժամանակ, երբ ՄԱԿ միջազգային դատարանը որոշում կայացրեց, սակայն ադրբեջանական կողմն ուղղակի թքած ունեցավ դրա վրա ու շարունակում էր ճանապարհը փակ պահել։
Նման երկրի դեպքում միջազգային արձագանքները, որոնք, կարծում եմ՝ այս պահին բավարար չեն, արդյունավետ չեն լինելու։ Ադրբեջանը ռազմագերիներին օգտագործելու է որպես խաղաքարտ՝ այնքան ժամանակ, քանի դեռ ունի դրա հնարավորությունը»,- ընդգծեց Արամայիս Աղաբեկյանը։
Հիշեցնենք, որ այժմ Բաքվում ապօրինի կալանքի տակ են պահվում նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և Արայիկ Հարությունյանը, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը և ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը: