Ադրբեջանը Հայաստանից ունի առնվազն 20.000 քկմ տարածքային պահանջ. Իզուր չէ, որ Ադրբեջանը ստեղծել է «պլան Բ». Գրիգորի Այվազյան

«Այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» բացմանը հարցը միշտ էլ եղել է թուրք-ադրբեջանական տանդեմի օրակարգում և այսօր էլ շարունակում է մնալ։ Արցախյան բռնկումը նաև դրա մասին էր, որպեսզի կարողանային թուրքական աշխարհը Սյունիքով կապեին միմյանց»,- այս մասին 168.am հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու Գրիգորի Այվազյանը՝ խոսելով Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների՝ «Զանգեզուրի միջանցքը» բացելու, և հայկական կողմից դրանց չհակադարձելու մասին։

Գրիգորի Այվազյանի խոսքով՝ Ադրբեջանը դիտարկում է երկու «միջանցք», եթե հանկարծ այն չկարողանան բացել Սյունիքով, ապա կկենտրոնանան Իրանի վրա։

«Իզուր չէ, որ Ադրբեջանը ստեղծել է «պլան Բ»՝ փորձում է խաղարկել ադրբեջանցիների վերադարձն «Արևմտյան Ադրբեջան»։ Ադրբեջանը եթե զիջումների միջոցով չստանա «միջանցք», ապա բարձրացնելու է նշածս հարցը։ Իսկ Ադրբեջանին «միջանցք» տալը նշանակում է՝ ՀՀ պետականության վերջնական կորուստ։ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի տարածաշրջանային իրավիճակը սրվի, իսկ դա սարերի հետևում չէ։ Առիթից օգտվելով՝ Ադրբեջանը Հայաստան կբերի իր քաղաքացիներին ու կպահանջի, որպեսզի հանրաքվե անցկացվի, որպեսզի իր քաղաքացիները ցամաքային ճանապարհով Հայաստանից գնան  Ադրբեջան։

Ադրբեջանը Հայաստանից ունի առնվազն 20.000 քկմ տարածքային պահանջ»,- նշեց Գրիգորի Այվազյանը։

Կարդացեք նաև

Նա նաև ընդգծեց, որ այս պահին Ադրբեջանը գործի է դրել բոլոր քարոզչական միջոցները, որպեսզի հայկական կողմի վրա բարդի բոլոր իրադարձությունների հետևանքները՝ այսպիսով սևացնելով նաև հայ ազգին։

«Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանն ունի հստակ ծրագիր, որի իրագործման համար ջանք ու միջոց չեն խնայելու։ Ցանկացած խոսակցություն «միջանցքի» վերաբերյալ մեզ համար պետք է ընդունելի չլինի։

Իշխանությունները թող երբեք իրենց քայլերը չարդարացնեն՝ ի սկզբանե ո՛չ Արցախն է եղել Ադրբեջանի կազմում, ո՛չ էլ Ադրբեջանին «միջանցք» տալու խոստումներ են եղել։ Հետևաբար՝ պետք է սովորենք այս պահին գոնե պաշտպանել մեր ազգային շահերը։

Երբ Ալիևը հայտարարում է, թե պետք է Հայաստանում «ֆաշիզմը» վերացվի, դա ուղիղ սպառնալիք է հայկական պետականության գոյության։ Ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պաշտպանելու ոչ միայն Զանգեզուր աշխարհը, այլև այս տարածքում մեր գոյության իրավունքը»,- շեշտեց Գրիգորի Այվազյանը։

Նա ընդգծեց՝ Ադրբեջանի օրակարգում ոչ թե Հայաստանի հետ խաղաղության հաստատումն է, այլ Հայաստանի պետականությունը վերացնելը։

«Ալիևն իր ցանկությունները չի թաքցնում, նա նաև գործում է։ Խաղաղություն կնքել նման մարդու հետ՝ իրական չէ, որքան էլ ՀՀ իշխանությունները դրա մասին խոսեն, սա նշանակում է, որ իրենք Ալիևի հետ ապրում են զուգահեռ իրականությունում։

Մենք պետք է անցյալից դասեր քաղենք ու իրական հայացք նետենք մեր երկրի առջև ծառացած խնդիրների վրա»,- նշեց Գրիգորի Այվազյանը։

Տեսանյութեր

Լրահոս