
Աշխարհում հայտնվել է հարուստների նոր կատեգորիա՝ սուպերմիլիարդատերեր. նրանց անունները հայտնի են. The Wall Street Journal

The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Altrata վերլուծական ընկերության տվյալները, գրում է, որ աշխարհում հայտնվել է հարուստների նոր կատեգորիա՝ սուպերմիլիարդատերեր։ Ցուցակը, որում ընդգրկված են 24 սուպերմիլիարդատերեր ամբողջ աշխարհից, գլխավորում է Իլոն Մասկը։ Նրանցից յուրաքանչյուրի կարողությունը գերազանցում է 50 միլիարդ դոլարը:
Լավագույն հնգյակում են՝ SpaceX, Tesla և X ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը, ում կարողությունը կազմում է 419,4 մլրդ դոլար, հաջորդը՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսն է՝ 263,8 միլիարդ դոլար կարողությամբ։
3-րդ հորիզոնականում LVMH-ի սեփականատեր Բեռնար Առնոն է. նրա կարողությունը 238,9 միլիարդ դոլար է։
Oracle-ի գործադիր տնօրեն Լարրի Էլիսոնը 4-րդ հորիզոնականում է՝ 237 միլիարդ դոլար կարողությամբ, իսկ հնգյակը եզրափակում է Meta-ի գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը՝ 220,8 մլրդ դոլար կարողությամբ:
Վեցերորդ տեղում է Google-ի համահիմնադիր Սերգեյ Բրինը՝ 160,5 միլիարդ դոլար կարողությամբ:
24 սուպերմիլիարդատերերի ընդհանուր կարողությունը կազմում է մոտ 3,3 տրիլիոն դոլար՝ համադրելի Ֆրանսիայի անվանական ՀՆԱ-ի հետ։
Ըստ հրապարակման՝ 1987 թվականին, երբ Forbes-ն առաջին անգամ ներկայացրեց աշխարհի միլիարդատերերի ցուցակը, որում ընդգրկված էր 140 մարդ, նրանց ընդհանուր կարողությունը կազմում էր 295 միլիարդ դոլար։ Այդ ժամանակ աշխարհի ամենահարուստ մարդը ճապոնացի գործարար Յոշիակի Ցուցումին էր, որի կարողությունը կազմում էր 20 միլիարդ դոլար։
Altrata-ն նշում է, որ 19-րդ և 20-րդ դարերի սկզբին ամենահարուստ մարդիկ արդյունաբերողներն էին, մինչդեռ այսօրվա գերմիլիարդատերերի մեծ մասն իրենց հարստությունը ձեռք է բերել տեխնոլոգիական ոլորտում: