
Թուրքիան և Թուրքմենստանը երկարաձգում են բնական գազի համաձայնագիրը 5 տարով

Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը հայտարարել է, որ ընթանում են բանակցություններ Թուրքիայի և Թուրքմենստանի միջև ներկայումս գործող բնական գազի համաձայնագիրը ևս հինգ տարով երկարաձգելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրք նախարարը նշել է, որ մշակվում է նոր ծրագիր՝ երկու երկրների միջև էներգետիկ համագործակցությունն ամրապնդելու համար:
Բայրաքթարը նշել է, որ Թուրքմենստանից բնական գազը Թուրքիա է մատակարարվում Իրանի միջոցով՝ փոխանակման մեխանիզմով: Այս ամիս ստորագրված համաձայնագրի համաձայն՝ Թուրքիա կմատակարարվի 1.3 միլիարդ խորանարդ մետր գազ, որի հոսքը նախատեսվում է սկսել մարտի 1-ին:
Ալփարսլան Բայրաքթարն ընդգծել է, որ այս գործարքը ռազմավարական քայլ է Թուրքիայի էներգամատակարարման անվտանգությունը բարելավելու ուղղությամբ և ավելի կամրապնդի Թուրքիայի և Թուրքմենստանի միջև տնտեսական և դիվանագիտական կապերը: