
ԱՄՆ հանրապետական սենատորները օրինագիծ են ներկայացրել ՄԱԿ-ից ԱՄՆ-ի դուրս գալու մասին

ԱՄՆ Յուտա նահանգի սենատոր Մայք Լին ներկայացրել է օրինագիծ, որի նպատակն է դադարեցնել ԱՄՆ-ի անդամակցությունը ՄԱԿ-ին և նրա հարակից մարմիններին։
Այս մասին նշված է սենատոր Մայք Լիի կայքում։ Օրինագիծը ներկայացվել է մտահոգության ֆոնին, որ միջազգային մարդասիրական և իրավապաշտպան կազմակերպությունը չի կարողանում առաջ մղել ԱՄՆ շահերը, և նրա գործունեությունը չի համընկնում նախագահ Դոնալդ Թրամփի «Ամերիկան առաջնահերթ է» օրակարգի հետ:Օրինագիծը համահովանավորել են հանրապետական պատգամավորներ տարբեր նահանգներից։
«ՄԱԿ-ի համար այլևս դատարկ չեկեր չկան: Ամերիկացիների՝ դժվարությամբ վաստակած դոլարներն ուղղվել են նախաձեռնությունների, որոնք հակասում են մեր արժեքներին՝ հնարավորություններ ընձեռելով բռնակալներին, դավաճանելով դաշնակիցներին և տարածելով մոլեռանդություն…. Եթե օրինագիծն ուժի մեջ մտնի, ԱՄՆ-ի և ՄԱԿ-ի միջև հետագա ցանկացած փոխգործակցություն հնարավոր կլինի միայն Սենատի հավանությամբ», – ասել է սենատոր Մայք Լին:
Իր հերթին սենատոր Մարշա Բլեքբերնը հայտնել է, որ ՄԱԿ-ը չարաշահել է Վաշինգտոնի վստահությունը, և ԱՄՆ-ն նրանց չի կարող թույլ տալ խաթարել երկրի ազգային անվտանգությունն ու շահերը: Եթե օրինագիծն ընդունվի, ԱՄՆ-ն ստիպված կլինի «դադարեցնել ՄԱԿ-ին տրամադրվող բոլոր տեսակի ֆինանսական աջակցությունը»։
Ներկայացուցիչերի պալատի անդամ Չիպ Ռոյն, ըստ Fox News-ի, մեղադրել է ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքների կազմակերպման գործակալությանը (UNRWA) ՀԱՄԱՍ-ին ակտիվորեն պաշտպանելու և իրենց դաշնակից Իսրայելի դեմ գործելու մեջ։
Առաջարկվող օրինագծով կարգելվի նաև ԱՄՆ-ի մասնակցությունը ՄԱԿ-ի խաղաղապահ գործողություններին։2025 թ․ փետրվարի 4-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է կատարողական հրաման, որով նախատեսվում ԱՄՆ-ի անդամակցության դադարեցումը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում և UNRWA-ում: Նա բազմիցս քննադատել է այս երկու կազմակերպությունները՝ դրանք համարելով անարդյունավետ։2025 թ․ հունվարին Թրամփը հրաման է ստորագրել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից դուրս գալու մասին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ իր երկիրը չափազանց շատ է վճարում կազմակերպությանը՝ համեմատած այլ երկրների, մասնավորապես՝ Չինաստանի։