
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել է մոտ 20 տրանսպորտային միջոց

Փետրվարի 20-ին, ժամը 15։15-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լանջիկ-Մաստարա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են մեկ տասնյակից ավելի ավտոմեքենաներ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մեկ օպերատիվ խումբ։
Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 82-րդ կմ-ին բախվել է մոտ 20 տրանսպորտային միջոց, ինչի հետևանքով ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի։
Վթարի հետևանքով տուժած 5 քաղաքացու տեղում շտապօգնության աշխատակիցները ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն։
Փրկարարները հոսանքազրկել են երեք ավտոմեքենա և փակել գազի բալոնների փականները։
Փրկարարները պարեկային ծառայության և ՃՇՇ աշխատակիցների հետ վթարված տրանսպորտային միջոցները դուրս են բերել երթևեկելի հատվածից և տեղափոխել ավտոքարշակի վրա․ ճանապարհը դարձել է երթևեկելի։