
Թրամփը հայտարարել է, որ «շատ տհաճ կյանք» կունենար, եթե պարտվեր նախագահական ընտրություններում

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ «շատ տհաճ կյանք» կունենար, եթե պարտվեր նախագահական ընտրություններում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
Ըստ հրապարակման՝ այսպիսով ԱՄՆ նախագահն ընդունում է իր մտավախություններն այն մասին, որ իր դեմ հարուցված գործերը կարող էին, ի վերջո, հանգեցնել բանտարկության։
«Եթե ես պարտվեի, շատ վատ կլիներ։ Դա վտանգավոր էր, իրականում շատ վտանգավոր», – ասել է Թրամփը փետրվարի 19-ին Մայամիում ներդրումային ֆորումի ընթացքում:
Միևնույն ժամանակ Թրամփը նշել է, որ իրենից «որոշակի խիզախություն» պահանջվեց նորից առաջադրվելու համար:Թրամփն իր խոսքում անհամաձայնություն է հայտնել պատմաբանների այն կարծիքի հետ, որ ԱՄՆ նախագահներ Էնդրյու Ջեքսոնը (1829-1837) և Աբրահամ Լինքոլնը (1861-1865), որոնք սպանվել են, երկրում ամենավատ վերաբերմունքի արժանացած նախագահներն են։
«Ոչ ոքի հետ երբեք չեն վարվել այնպես, ինչպես ինձ հետ», – ասել է ամերիկացի առաջնորդը։2024 թ. նոյեմբերին նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակից հետո ԱՄՆ արդարադատության նախարարությունը հրաժարվել էր նրա դեմ հարուցված երկու դաշնային գործերից։ Դրանցից մեկը կապված էր 2021 թ. հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա հարձակման մեջ նրա դերակատարության, իսկ մյուսն՝ առաջին նախագահական ժամկետի (2017-2021 թթ.) ավարտից հետո գաղտնի փաստաթղթերի հետ սխալ վարվելու հետ։ Ջորջիայում նրան մեղադրում էին 2020 թ. ընտրությունների արդյունքները փոխելու փորձի մեջ։ Թրամփը նաև մեղավոր էր ճանաչվել Նյու Յորքում պոռնո աստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու համար նրան գումար տալու հետ կապված գործով, որի շրջանակներում նա կարող էր ենթարկվել 4 տարվա ազատազրկման։