
Ձյան առատ տեղումները խաթարել են Ստամբուլի բնականոն կյանքը

Թուրքիայում մի քանի օր տեղացող առատ ձյան հետևանքով խաթարվել է երկրի բնականոն կյանքը: Ձյան պատճառով մի շարք տեղական ինքնակառավարման մարմիններ արտահերթ արձակուրդ են տվել դպրոցներին, իսկ շուրջ 16 մլն բնակչություն ունեցող Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հորդորել է մարդկանց աշխատել հեռավար և հնարավորինս մնալ տանը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նման հայտարարությունը պայմանավորված է Ստամբուլում ձյան արդյունքում ստեղծված մեծաքանակ խցանումներով, վթարային իրավիճակներով և տրանսպորտային հանգույցների ու կայարանների բազմամարդությամբ:
Թուրքական պետական «Trthaber» լրատվական հեռուստաալիքի կայքում «Ստամբուլում ձյան տեղումները կյանքի վրա բացասկան են անդրադառնում» վերնագրով հրապարակված տեսանյութում իրավիճակն առավել պատկերավոր է երևում:
Հրապարկմանը զուգահեռ նշվել է, որ մեծ թվով վարորդներ, որոշ ճանապարհահատվածներում նույնիսկ ավելի քան 3 ժամ մնացել են խցանման մեջ:
Ձյան պատճառով տուժել են նաև Ստամբուլից իրականացվող ավիաչվերթները:
«Աղետների կոորդինացման ստամբուլյան կենտրոնից» (AKOM) գալիք օրերին ավելի ուժգնացող ձյան տեղումների մասին ստացված տեղեկությունից հետո «Թուրքիայի ավիաուղիներ» ընկերությունը» (THY) հայտարարել է փետրվարի 20-ին և 21-ին որոշ չվերթների չեղարկման մասին: