Բաժիններ՝

Բրազիլիայում նախկին նախագահ Բոլսոնարուին մեղադրել են պետական հեղաշրջման փորձի մեջ

Բրազիլիայի գլխավոր դատախազությունը մեղադրանք է առաջադրել նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուի նկատմամբ հեղաշրջման փորձի մեջ, որը ենթադրել է, այդ թվում, Բրազիլիայի ղեկավար Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվայի դեմ մահափորձը։ Այս մասին տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից։

Բոլսոնարուին առաջադրվել են մեղադրանքներ հանցավոր խմբավորման ստեղծման, բռնի կերպով իրավական դեմոկրատական ​​կարգի վերացման և պետական ​​հեղաշրջման փորձի մեջ։ Գլխավոր դատախազության վարկածով՝ պետության նախկին ղեկավարն իմացել է Լուլա դա Սիլվայի դեմ մահափորձի ծրագրերի մասին։ Ընդհանուր առմամբ, գործով մեղադրանք է առաջադրվել 34 անձի։

Այժմ գլխավոր դատախազության որոշումը պետք է քննարկի Գերագույն դատարանը։2024 թ. նոյեմբերին O Globo թերթը հաղորդել էր, որ Բրազիլիայի ոստիկանությունը հետաքննություն է վարում մի քանի սպաների նկատմամբ, որոնց կասկածում են պետական հեղաշրջման փորձի մեջ:

Հետաքննությունը ենթադրում է, որ զինվորականները ցանկացել են խափանել 2023 թվականի հունվարի 1-ին Լուլա դա Սիլվայի երդմնակալության արարողությունը և 2022 թվականի դեկտեմբերի 15-ին ծրագրել են հեղաշրջման փորձ։ Ծրագիրը ներառել է Լուլա դա Սիլվայի և Բրազիլիայի փոխնախագահ Ջերալդու Ալկմինի սպանությունը: 

Նշված օրը հեղաշրջման փորձ չի եղել, սակայն 2023 թվականի հունվարին՝ արդեն Լուլա դա Սիլվայի պաշտոնակալությունից հետո, Բրազիլիա քաղաքում Բոլսոնարուի կողմնակիցները կազմակերպել են անկարգություններ և փորձել գրավել կառավարական շենքերը։ Իշխանությունների գնահատմամբ՝ անկարգություններին մասնակցել է մոտ 5000 մարդ, ավելի քան 1400-ը ձերբակալվել է։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս