![](/banners/BeFunky-design.jpg)
Մյունխենում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա շուրջ 20 վիրավոր
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-5gKLJrxJ18e7K9v.jpg)
Մյունխենում շուրջ 20 մարդ է վիրավորվել, երբ մեքենան մխրճվել է բազմության մեջ։ Միջադեպը տեղի է ունեցել Մյունխենի անվտանգության համաժողովից առաջ։ Չի բացառվում ահաբեկչության վարկածը։
Reuters գործակալությունը, վկայակոչելով ոստիկանությանը, նշում է, որ իրավապահները ձերբակալել են վարորդին և եզրակացրել, որ նա հետագա սպառնալիք չի ներկայացնում։
Ձերբակալվածը 26-ամյա աֆղանստանցի է։ «Առնվազն 20 մարդ վիրավորվել է, նրանցից մի քանիսը՝ շատ լուրջ», – ասել է Մյունխենի ոստիկանության խոսնակը։
The Mirror պարբերականը հաղորդում է, որ միջադեպի հետևանքով վիրավորվել է 27 մարդ։Ամենայն հավանականությամբ, տուժել են Գերմանիայի արհմիություններից մեկի ցույցին մասնակցող մարդիկ։ The Bild պարբերականը գրել է, որ ոստիկանությունը դեռ պետք է որոշի՝ արդյոք Mini Cooper-ի վարորդը միտումնավոր է մեքենան վարել բազմության մեջ, թե շփոթել է գազի և արգելակի ոտնակները։ Սակայն ավելի ուշ Բավարիայի վարչապետը հայտարարել է, որ միջադեպը, հնարավոր է, ահաբեկչություն է։
Մյունխենի անվտանգության համաժողովը մեկնարկելու է փետրվարի 14-ին։ Դրան մասնակցելու համար փետրվարի 13-ին այնտեղ են ժամանելու ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Համաժողովին կմասնակցի նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը