Դիմել ենք, որպեսզի Սնուփ Դոգի չկայացած համերգի գումարը վերադարձնեն. ԿԳՄՍ նախարար
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը դիմել է «Դոպինգ Սփեյս» ընկերությանը՝ Սնուպ Դոգին վճարված հոնորարը վերադարձնելու համար, պատասխան առայժմ չկա։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Դիմել ենք կազմակերպությանը համապատասխան պահանջով, այս պահին սպասում ենք կազմակերպության կողմից գործողություններին։ Դեռևս այդ գործընթացում ենք, ինքներս կիրազեկենք, հենց որ անցնենք հաջորդ փուլ»,- ասաց նախարարը։
Նրա փոխանցմամբ՝ կնքված պայմանագրի դրույթները հստակ են, դրանք վերաբերում են ամբողջ գումարի վերադարձին։
Նշենք, որ Մրցակցության պետական հանձնաժողովը փետրվարի 12-ին հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ որոշում է կայացվել կարճել ԿԳՄՍՆ-ի վերաբերյալ հարուցված վարույթը՝ «Դոպինգ Սփեյս» ընկերությանն առերևույթ արգելված պետական օժանդակության տրամադրման առնչությամբ։
ՄՊՀ-ի որոշումից նաև տեղեկանում ենք, որ Սնուպ Դոգի հետ բանակցությունների արդյունքում արտիստը համաձայնել է «Դոպինգ Սփեյս»-ին վերադարձնել վճարված ամբողջ հոնորարը այն դեպքում, երբ կնքված պայմանագրի համաձայն՝ համերգը չեղարկելու դեպքում վճարված գումարների վերադարձ նախատեսված չէր։ ՄՊՀ-ն նաև հայտնում է, որ «Դոպինգ Սփեյսը» գնորդներին և արտերկրում տոմսերի վաճառքով զբաղվող գործընկերներին վերադարձրել է որոշակի գումար (չափը չի նշվում- խմբ․), տոմսերի մի մասի գումարն էլ վերադարձման գործընթացում է։