Վտանգված է արդեն Հայաստանի 60 տոկոսը. Փաշինյանն Ադրբեջանի առաջ դուռ է բացում նոր հարձակումների համար. Ավետիք Չալաբյան

6 օր ԱՄՆ-ում անցկացրած և ընդամենն ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ 15 րոպեանոց ճանաչողական հանդիպում ունեցած Նիկոլ Փաշինյանը, Հայաստան վերադառնալուն պես, հոդված հրապարակեց  «Արմենպրես»-ում՝ անդրադառնալով Հայաստանի դեմ ադրբեջանական սադրանքներին։

«Հայաստանի անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ… «Արևմտյան Ադրբեջան» խոսույթը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։ Համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսն անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական և իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»,- գրել է Փաշինյանը՝ հոդվածն ավարտելով լավատեսությամբ առ այն, որ ինքը չի տեսնում Հայաստանի դեմ էսկալացիայի հիմք։

168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման համակարգող, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, խոսելով Փաշինյանի հոդվածում հնչեցված սպառնալիքների մասին, նախ նկատեց՝ Փաշինյանն այս հոդվածով որևէ նոր բան չասաց, և, պարբերաբար է արդեն կրկնում, թե Ադրբեջանն աչք ունի Հայաստանի 60 տոկոսի վրա։

Կարդացեք նաև

«Վտանգված է արդեն Հայաստանը. Հայաստանի հենց այդ 60 տոկոսը։ Դրա մասին խոսելով՝ Փաշինյանն Ադրբեջանի առաջ դուռ է բացում՝ նոր էսկալացիաների և նոր հարձակումների համար։ Փաշինյանը գործում է հետևյալ տրամաբանությամբ՝ նախ ուլտիմատում է ներկայացնում ժողովրդին, ապա փորձում է ստիպել, որ ժողովուրդը դրան ենթարկվի և, այսպես ասած, մեծ կորստից փրկվի։ Նա դա արեց Արցախում՝ ասելով, թե՝ եթե կապիտուլյացիան չստորագրեր, 25.000 հայ զինվորի կյանք չէր կարողանա փրկել։ Արցախը հանձնել է, հիմա էլ եկել-ասում է, որ վտանգված է Հայաստանի 60 տոկոսը։ Այս ամենին հետևելու է Փաշինյանի կողմից արված հաջորդ հայտարարությունը՝ որպեսզի Հայաստանի 40 տոկոսը կարողանանք պահել, եկեք հանձնենք 60 տոկոսը»,- ասաց Չալաբյանը։

Վերջինիս դիտարկմամբ՝ Հայաստանը ներկայացնող Փաշինյանը, որն ԱՄՆ էր գնացել հասկանալու՝ արդյոք Թրամփի վարչակազմն իրեն պատրա՞ստ է աջակցել, թե՞ ոչ, այնտեղից վերադարձել է ձեռնունայն։

«Փաշինյանը որևէ մեկին հետաքրքիր չէ. չունի կրթութուն, արժանիքներ… Փաշինյանն ամբողջ հայկական աշխարհ քանդել է, կռվացրել բոլորին բոլորի հետ, դրա համար նրա թիկունքում ուժ չկա։ Նա կորցրել է ազդեցությունը դրսում, հիմա՝ նաև ներսում։ Նա փակուղում է. ելք  չունի, որովհետև հույսը դրել էր արտաքին ուժերի վրա, որոնք իրենից ձեռք են քաշել»,- խոսքը եզրափակեց Ավետիք Չալաբյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս