![](/banners/BeFunky-design.jpg)
Վաշինգտոնի հետ բանակցությունները կապիտուլյացիա կդառնան Թեհրանի համար. Իրանի արտգործնախարար
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/Araxchi.png)
Միացյալ Նահանգները նպատակ է հետապնդում Իրանին դրդելու կապիտուլյացիայի՝ նրա հետ նոր գործարք կնքելու միջոցով, սակայն Թեհրանը մտադիր չէ բանակցություններ վարել ճնշման ներքո: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին Թեհրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանը։
«ԱՄՆ նախագահը վերադարձել է Իրանի ժողովրդի վրա առավելագույն ճնշման քաղաքականությանը։ Ամենահետաքրքրականն այն է, որ Իրանի վրա աննախադեպ ճնշում գործադրելու մասին հրամանագրի ստորագրման հետ մեկտեղ նա հայտարարություններ է արել բանակցությունների պատրաստակամության մասին. նրա նպատակը մեզ մոլորության մեջ գցելն է։ Մենք ինչո՞ւ պետք է բանակցություններ վարենք ԱՄՆ-ի հետ ճնշման ներքո: Տրամաբանություն կա՞ արդյոք դրանում: Ի՞նչ ողջամիտ մարդ կհամաձայնի բանակցային գործընթացի մեջ մտնել ճնշման և սպառնալիքներ լսելու ներքո: Նրա նպատակն այդ բանակցություններում կապիտուլյացիան է: Իրանը երբեք անձնատուր չի լինի», – մեջբերում է ՏԱՍՍ-ը հատված Իրանի ԱԳ նախարարի ելույթից։
Փետրվարի 4-ին Թրամփն ստորագրել է հրամանագիր Իրանի վրա ԱՄՆ-ի առավելագույն ճնշումը վերականգնելու մասին։ Փաստաթուղթը նախատեսում է Վաշինգտոնի կողմից ջանքերի ակտիվացում՝ ուղղված իրանական նավթի արտահանման կրճատմանը։ Միևնույն ժամանակ Միացյալ Նահանգների ղեկավարը հնարավոր է համարել Իրանի հետ գործարքի կնքումը, որը թույլ կտա Իրանին «խաղաղ զարգանալ և բարգավաճել»։
Իրանի նախագահ Մասուդ Փեզաշքիանն իր հերթին քննադատել է Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ նշելով, որ ԱՄՆ նախագահը նոր դավադրություն է ծրագրում Իսլամական հեղափոխությունը ծնկի բերելու նպատակով