Բաժիններ՝

Թրամփը հաստատել է Գազայի հատվածը վերահսկողության տակ վերցնելու և վերակառուցելու գաղափարը

Միացյալ Նահանգները կարող է ձեռք բերել Գազայի հատվածը, վերահսկողություն հաստատել դրա նկատմամբ և այնուհետև վերականգնել այն արաբական երկրների օգնությամբ: Այս մասին հերթական անգամ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախագահական ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։

«Ես հանձնառու եմ Գազայի հատվածը գնելու և դրան տիրելու գաղափարին: Ինչ վերաբերում է մեր ուժերով դրա վերականգնմանը, ապա մենք կարող ենք Մերձավոր Արևելքի մյուս երկրներին հանձնել դրա որոշ մասերի վերակառուցումը։ Ուրիշները դա կարող են անել մեր հովանու ներքո», – մեջբերում է Թրամփի խոսքերը The Associated Press գործակալությունը:

Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ն «պետք է վերցնի և տիրի Գազան» և անի այնպես, որ ​​ՀԱՄԱՍ արմատական շարժումը «չվերադառնա այնտեղ»։

Ինչ վերաբերում է պաղեստինցիների՝ անկլավում ապրելու հեռանկարին, Թրամփը համարում է, որ դա անհնար է։

«Դա վերադառնալու ենթակա չէ։ Այդ վայրն ավերակ է։ Մնացած հատվածը կքանդվի», – ասել է նա։ ԱՄՆ ղեկավարն առաջ է քաշում հարյուր հազարավոր պաղեստինցիների Գազայից հարկադրական վերաբնակեցման գաղափարը։ Նա նշել է, որ իր հետ զրույցից հետո արաբական երկրները կհամաձայնեն ընդունել պաղեստինցիներին։

Թրամփի համոզմամբ՝ պաղեստինցիները կհեռանան Գազայից, եթե այլընտրանք ունենան։

Փետրվարի 4-ին Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վաշինգտոնն իր ձեռքը կվերցնի Գազայի հատվածը, հնարավոր է նաև՝ ամերիկյան զորքերի օգնությամբ, այն կվերածի մերձավորարևելյան Ռիվիերայի։

Նա նշել է, որ այնտեղ ապրող պաղեստինցիները պետք է հեռանան։   Արաբական երկրները, Իրանը և մի շարք արևմտյան պետություններ դեմ են հանդես եկել դրան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս