![](/banners/BeFunky-design.jpg)
Ինձ ասել են՝ խոդ կտանք պետական ռեպրեսիվ մեքենան, ես էլ ասել եմ՝ ինչպես կուզեք. Մամիկոն Ասլանյան
«Ես, լինելով Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) անդամ, ընդդիմադիր դաշտի հետ իմ շփումները, իմ քաղաքական հայացքները երբեք չեմ տարել քաղաքապետարան, որովհետև հասկանում էի՝ Վանաձորի քաղաքապետարանն այդ վայրը չէ, այլապես վայր կդնեի մանդատս, դուրս կգայի փողոց՝ պայքարի: Իսկ ինձ ասում էին՝ չառաջադրվես: Ինչո՞ւ չառաջադրվեմ, ես լավ քաղաքապետ եմ եղել»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղբանտարկյալ, Վանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը՝ անդրադառնալով իր հետ կապված քրեական վարույթին ու կալանավորմանը:
Վերջինս նկատեց՝ միշտ առաջնորդվել է իր քաղաքի շահերով և ցուցաբերել քաղաքական կոռեկտություն:
«Ես հասկանում էի՝ գուցե ամենալավը կամ խելացին չեմ, բայց ես այդ քաղաքի ընտրությունն էի թե՛ 2016թ., թե՛ 2021 թվականին։ Ես միակ քաղաքապետն էի, որ 2021թ. Եվրոպական միությունից 4 միլիոն եվրոյի ծրագիր էի բերել քաղաքի համար։ Ես այս քաղաքը սիրում եմ, բայց այս մարդիկ այդպես չեն աշխատում։ Ինձ ասել են՝ խոդ կտանք պետական ռեպրեսիվ մեքենան, ես էլ ասել եմ՝ ինչպես կուզեք, ես այնպիսի բան չեմ արել, որ դրանից վախենամ։ Ընտրությունները պետք է հոկտեմբերին տեղի ունենային, հուլիս-օգոստոսին սկսվեց քրեաիրավական պրոցեսը՝ ոստիկաններով, հետո՝ 15 օր, հետո՝ կրկին։ Սեպտեմբերի 15-ին հայտարարեցի, որ մասնակցում եմ ընտրություններին։ Ավելի ուշ իմացա, որ այդ գործը հարուցել են սեպտեմբերի 10-15-ի ընթացքում, որպեսզի դամոկլյան սրի պես կախեն ինձ վրա։ Դրանից հետո կամայական ձևի, ապօրինի կերպով Վանաձորը տարան խոշորացման։ Մեր ընտրություններն այդ պատճառով հոկտեմբերի փոխարեն՝ տեղի ունեցան դեկտեմբերի 5-ին։ Հոկտեմբերի 10-ից հետո քաղաքապետարան չէի մտել, դեկտեմբերի 5-ին հաղթել եմ, սպասել ավագանու ձևավորմանը, հատկապես, որ հավաստիացումներ ունեի այլ քաղաքական ուժերից, որ ինձ են առաջադրելու և սատարելու»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:
Նախկին քաղաքապետը նկատեց՝ թեև իրեն ակնարկներ արել են, որ ՀՀԿ-ից դուրս գա, ՔՊ մտնի, բայց ուղիղ առաջարկ չի եղել:
«Ես ստեղծեցի «Մամիկոն Ասլանյան» դաշինքը, որ ցույց տամ՝ ես էս քաղաքի տղա եմ ու իմ անունով եմ մասնակցում ընտրություններին։ Որ պաշտոնի կռիվ տվող լինեի, կընդունեի այս իշխանությունների կողմից ինձ առաջարկված պաշտոնները»,- ասաց Մամիկոն Ասլանյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: