Պաշտոնական վիճակագրությունն անցել է «թվանկարչությանը»

Անցած տարին Հայաստանի տնտեսության համար լավ չդասավորվեց։ Տնտեսության վրա արտաքին հայտնի գործոնների ազդեցությունների թուլացումով պայմանավորված՝ նախկին բարձր աճերը նահանջեցին։

Կրճատվեց հատկապես ոսկու վերաարտահանումը, որը դարձել էր բարձր աճերի հիմքը։

Ապրիլից սկսած տնտեսական ակտիվության աճի տեմպն անընդմեջ նահանջեց. հունվար-մարտի 14,3 տոկոսից՝ հունվար-նոյեմբերին իջավ ընդհուպ 7,4 տոկոսի՝ իշխանությունների համար խոստանալով տհաճ անակնկալներ։

Բայց տարեվերջին «հրաշք» տեղի ունեցավ՝ տնտեսական ակտիվության աճի տեմպը հանկարծ արագացավ։ Ոչ ամենևին այն պատճառով, որ տարեվերջին տնտեսության մեջ կտրուկ փոփոխություններ տեղի ունեցան, այլ այն պատճառով, որ գործի անցավ պաշտոնական վիճակագրությունը։

Կարդացեք նաև

Տարեվերջին վիճակագրական կոմիտեն վերանայել ու համատարած ճշգրտումներ է մտցրել տնտեսական ցուցանիշներում՝ սկսած հունվարից։

Վերանայումների արդյունքում ցուցանիշներն անխտիր բարձրացվել են։

Հունվարին արձանագրված 10,7 տոկոս տնտեսական ակտիվության աճը դարձել է 11,4 տոկոս՝ բարձրացվել է 0,7 տոկոսային կետով, փետրվարի 16,3 տոկոսը դարձել է 17,2 տոկոս՝ բարձրացվել է 0,9 տոկոսային կետով, ապրիլի 10,4 տոկոսը դարձել է 13 տոկոս՝ բարձրացվել է 2,6 տոկոսային կետով, մայիսի 5,2 տոկոսը դարձել է 6,6 տոկոս՝ բարձրացվել է 1,4 տոկոսային կետով, հունիսի 7,1 տոկոսը դարձել է 8 տոկոս՝ բարձրացվել է 0,9 տոկոսային կետով, հուլիսի 6,2 տոկոսը դարձել է 7,2 տոկոս՝ բարձրացվել է 1 տոկոսային կետով, օգոստոսի 5,6 տոկոսը դարձել է 6,4 տոկոս՝ բարձրացվել է 0,8 տոկոսային կետով, սեպտեմբերի 7 տոկոսը դարձել է 7,9 տոկոս՝ բարձրացվել է 0,9 տոկոսային կետով, հոկտեմբերի 4,2 տոկոսը դարձել է 5,6 տոկոս՝ բարձրացվել է 1,4 տոկոսային կետով, նոյեմբերի 1,2 տոկոսը դարձել է 1,5 տոկոս՝ բարձրացվել է 0,3 տոկոսային կետով։

Միակ բացառությունը եղել է մարտի պարագայում։ Մյուս բոլոր ամիսների համար պաշտոնական վիճակագրությունը բարձրացրել է տնտեսական ակտիվության ցուցանիշը, երբեմն՝ մինչև անգամ 2,6 տոկոսային կետով։

Միայն մարտի ցուցանիշն է նվազեցրել, այն էլ ընդամենը  0,1 տոկոսային կետով՝ 15,3-ից դարձել է 15,2 տոկոս։

Ահա այս վերանայումների արդյունքում էլ տարեվերջին տնտեսական ակտիվության աճի տեմպը, 8 ամսվա անընդմեջ դանդաղումից հետո, հանկարծ արագացավ՝ տարեկան տվյալներով հասնելով 8 տոկոսի։

Այս համատարած վերանայումները Վիճակագրական կոմիտեն պայմանավորել է ԲՏԱ նախարարության կողմից ցուցանիշների ճշգրտումներով։

«Ցուցանիշների փոփոխությունները պայմանավորված են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ծառայությունների վարչական ռեգիստր վարող Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից 2024թ.-ի տվյալների 30.01.2025թ.-ի դրությամբ ճշգրտմամբ»,- արձանագրել է Վիճակագրական կոմիտեն։

ԲՏԱ նախարարությունը, իր ՔՊ-ական նախարարով, այնքան են ցանկացել օգնել սպասվող համեստ տնտեսական աճի ցուցանիշների «բարելավմանը», որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի անցած ամբողջ տարվա բազան ճշգրտել են։ Ամբողջ տարվա ընթացքում այլ ցուցանիշներ են եղել, տարեվերջին միանգամից կտրուկ փոխվել են։ Այնպես որ, դրանք շոշափելի ազդեցություն են թողել տնտեսական ակտիվության աճի վրա։

Ի՞նչ հիմքով են դա արել, հայտնի չէ։ Նախկինում նման վերանայումներ չեն եղել։ Տնտեսական աճի 2024թ. ակնկալիքները հուսադրող չէին, ու հավանաբար դրանից ելնելով՝ որոշել են վիճակագրական աճպարարություններ անել։

Դրա արդյունքում տնտեսական ակտիվության աճն անշուշտ սպասվածից բարձր է ստացվել, բայց դրանով մեր տնտեսությունն ավելի լավը չի դառնա։ Վիճակագրությամբ տնտեսությունը կաճի, իսկ քաղաքացիների եկամուտները ոչնչով չեն ավելանա։

Այսպիսի արհեստական աճերի հետևանք է, որ հասարակությունն իր վրա չի զգում վերջին տարիների բարձր տնտեսական աճերի ազդեցությունը։ Մարդկանց իրական եկամուտները հիմնականում չեն ավելանում, չնայած տնտեսությունը համաշխարհային մակարդակի աճերի մեջ է։

Վիճակագրական տարեվերջյան ճշգրտումներից հետո, 2024թ. տնտեսական աճը, իհարկե, ավելի բարձր կլինի, բայց դա էլ չի կարող փրկություն լինել իշխանությունների համար։ Այս պահին անցած տարվա տնտեսական աճի ցուցանիշը դեռևս հայտնի չէ, կհրապարակվի մարտին, սակայն անգամ այսպիսի համատարած ու կտրուկ վերանայումներից հետո, մեծ ակնկալիքներ չկան։

Տնտեսական աճը լավագույն դեպքում կլինի 5-6 տոկոսի սահմաններում։

Անհամեմատ ավելի ցածր, քան, ասենք՝ հարևան Վրաստանում, որն անցած գրեթե ամբողջ տարվա ընթացքում գտնվում էր քաղաքական ճգնաժամի ու անկայունության մեջ։ Այդ պայմաններում անգամ Վրաստանում անցած տարվա արդյունքներով՝ 9,5 տոկոս տնտեսական աճ է գրանցվել։

Հայաստանում տնտեսական ակտիվության աճը, որը դեռ տնտեսական աճ չէ, դրանից ցածր է։

Աճը ցածր է հատկապես տնտեսության իրական հատվածում՝ արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ։

Արդյունաբերության մեջ անցած տարի ընդամենը 4,7 տոկոս աճ է գրանցվել։

Գյուղատնտեսության մեջ ավելի քիչ՝ հազիվ 1,6 տոկոս։ Ու սա այն պարագայում, երբ երիտհեղափոխականների իշխանության գալուց հետո, գրեթե ամեն տարի գյուղատնտեսության մեջ անկում է գրանցվել։ Այն էլ՝ հայտարարվող ֆինանսական հսկայական միջոցների հատկացումների պայմաններում։

«Եթե 2021 թվականին պետությունը գյուղատնտեսության վրա ծախսում էր մոտ 21 մլրդ դրամ, ապա արդեն 2023-2025թթ. այս ցուցանիշը կրկնապատկվել է: Ավելի քան 40 մլրդ դրամ եղել է 2023-ին, 2024-ին՝ կրկին 40 մլրդ դրամ: Նախատեսում ենք 42-43 մլրդ դրամ ծախսել գյուղատնտեսության վրա 2025 թվականին»,- վերջերս հպարտանում էր էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ հայտարարելով, թե դա տալիս է իր արդյունքը։

Արդյունքն էլ ահա սա է՝ գյուղատնտեսության աճն անցած տարի կազմել է ընդամենը 1,6 տոկոս։

Անցած տարի էլ Հայաստանի տնտեսության աճը հիմնված է եղել հիմնականում առևտրի, ծառայությունների ու շինարարության վրա։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս