«Փաշինյանի ԱՄՆ կատարած խղճուկ այցը հուսահատության այց էր. նրա փորձը ձախողվեց». Ասպրամ Կրպեյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ասպրամ Կրպեյանը չի կարծում, թե գործող իշխանությունների որևէ «վոյաժ» հայ ժողովրդին և հայկական պետականությանը որևէ օգուտ է բերում:

«Պետք է ևս մեկ անգամ արձանագրել՝ այս մարդիկ օկուպացիոն հանցախմբի ներկայացուցիչներ են և սպասարկում են թուրք-ադրբեջանական հավաքական շահերը, և, ցավալիորեն, այս պահին իրենց ձեռքում է հայկական պետականության ղեկը: Հետևաբար, ակնկալել, որ իրենց որևէ այցից, որևէ գործողությունից ի նպաստ Հայաստանի, հայ ժողովրդի որևէ արդյունք պետք է գրանցենք, նվազագույնը միամտություն է: Այն, որ իրենք ձախողել են հայ-ամերիկյան հարաբերությունների ամբողջ ծավալը, պետք է արձանագրել. Սկսած նրանից, որ ԱՄՆ ընտրությունների ժամանակ չպահեցին չեզոքություն և ակնհայտորեն կողմնակալ վերաբերմունք դրսևորեցին այսօր ընտրություններում պարտված դեմոկրատների նկատմամբ, փորձեցին հաճոյանալ որոշ գործիչների և ձախողեցին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով՝ գործող իշխանությունների համար  չկա որևէ կարմիր գիծ:

«Արցախը տարան կործանման, մենք պետականություն կորցրինք, այն ցեղասպանական գործողությունը, որ տեղի ունեցավ Արցախում՝ մեր քույրերի և եղբայրների նկատմամբ, շարունակությունն էր 1915թ. ցեղասպանության, թուրքական մերժողական քաղաքականության ևս մեկ հանգրվանն էր: Հայ ժողովրդին բնաջնջելու թուրքական միտումը երբևէ չի վերացել, և այն չի վերանում հենց մերժողական քաղաքականության պատճառով, որովհետև Թուրքիան հրաժարվում է առերեսվել իր կատարած հանցանքի հետ: Մեխն այստեղ է: Մենք չենք կարող առանձնացնել այս երկու խնդիրները: Իսկ այս հանցավոր օկուպացիոն ռեժիմի պարագլուխը կրկնեց նույն թեզերը, որոնք տարիներով կրկնում էին թուրքերն ու ադրբեջանցիները, և անգամ էլ ավելի հեռուն գնաց՝ զոհին մեղադրեց հանցավորության մեջ»,- ընդգծեց նա:

Կարդացեք նաև

Անդրադառնալով Փաշինյանի այն հայտարարությանը, թե միջազգային հանրությունը մեզ ընկալում է՝ որպես ազգ-նահատակ, Ասպրամ Կրպեյանը շեշտեց, որ հենց գործող իշխանությունն է հայ ժողովրդին վերադարձրել նահատակության շրջապտույտ.

«Արցախյան հաղթանակը Ցեղասպանություն վերապրած ժողովրդի պատմական արդարություն վերականգնելու հաղթարշավի մեկնարկն էր, և իրենք նորից իրենց հանցավոր մտադրությամբ մեզ վերադարձրին ցեղասպանվածի, նահատակի կարգավիճակի շրջապտույտ»:

Հարցին՝ ԱՄՆ նախկին վարչակարգը Հայաստանի իշխանություններին աջակցող հայտարարություններ էր անում, արդյո՞ք Թրամփի վարչակարգը կշարունակի այդ մոտեցումը, թե՞ հստակ ցույց տվեցին՝ ինչ վերաբերմունք ունեն ՀՀ իշխանությունների հանդեպ, նա պատասխանեց. «Այն խղճուկ այցը, որ իրենք ունեցան, հուսահատության այց էր, փորձելով որևէ կերպ ինչ-որ բան կորզել ԱՄՆ-ում իշխանության եկած նոր վարչախմբից: Ձախողված է այդ փորձը: Իրենք որևէ կերպ չեն կարող որևէ հայանպաստ որոշման կամ հարաբերությունների կառուցման հանգեցնել, որովհետև այդ խնդիրը չեն դրել իրենց առաջ: Հետևաբար, ում հետ էլ հանդիպեն, ում հետ էլ մեկ լուսանկար կորզեն, դա որևէ կերպ չի հանգեցնելու մեր խնդիրների կամ մեր առջև ծառացած մարտահրավերների հանգուցալուծմանը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս