1 շաբաթ և միլիոնավոր դրամների տասնյակ պայմանագրեր՝ պաշտոնական պատվիրակության անդամների հյուրասիրության և տրանսպորտային սպասարկման ծառայությունների համար
Ազգային ժողովը տարին սկսել է 2025 թվականի իր կարիքների համար պաշտոնական պատվիրակության անդամների հյուրասիրության կազմակերպման և տրանսպորտային սպասարկման ծառայությունների ձեռքբերման մի քանի պայմանագրերի կնքմամբ։
Միլիոնավոր դրամների 9 պայմանագիր է կնքվել հունվարի 30-ից մինչև փետրվարի 6-ը, բոլոր 9 պայմանագրերն էլ կնքվել են մեկ անձից գնման եղանակով։ Այս գնման ընթացակարգը ոչ մրցակցային է։
ԱԺ-ն պաշտոնական պատվիրակությունների ընդունման, հյուրասիրության ծառայություններ է ձեռք բերել՝ հունվարի 30-ին ԱՁ Կամո Սմբաթյանից․ պայմանագրի գինը կազմել է 1 միլիոն դրամ։
Ըստ պայմանագրի՝ ծառայությունները պետք է մատուցվեն գյուղ Գառնի 17 հասցեում, հունվարի 31-ին՝ «Պեցցո» ՍՊԸ-ից․պայմանագրի գինը՝ 2 միլիոն դրամ, մատուցման հասցե է նշվել ՀՀ տարածքը, նույն օրը նույն գումարի չափով ևս մեկ պայմանագիր էլ կնքվել է «Բլիզարդ» ՍՊԸ-ի հետ, փետրվարի 3-ին ևս 3 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ պայմանագիր է կնքվել «Չեփթր» ՍՊԸ-ի հետ, որով պատվիրակվել է հյուրանոցային համարների ձեռքբերում, ռեստորանային ծառայությունների տրամադրում ՀՀ ողջ տարածքում, նույն օրը նույն գումարի չափով պայմանագիր է կնքվել նաև Սիրվարդ Բաղդասարյան ԱՁ-ի հետ և ևս 3 միլիոն դրամի պայմանագիր՝ «Պաուլաներ» ՍՊԸ-ի հետ։
Փետրվարի 5-ին «Յամա տուր» ընկերության հետ կնքված 7 միլիոն դրամ արժողությամբ պայմանագրով էլ ԱԺ-ն ձեռք է բերել տրանսպորտային սպասարկման ծառայություններ, մատուցման հասցե է նշվել՝ պատվիրատուի նշած վայրը։
Նույն օրը պայմանագիր է կնքվել նաև «Արդակա» ՍՊԸ-ի հետ՝ հյուրասիրության կազմակերպման ծառայությունների ձեռքբերման համար, ծառայության մատուցման հասցե է նշվել Թամանյան 1 հասցեում գտնվող 47 տարածքը։
Փետրվարի 6-ին նույն նպատակով ևս 2 պայմանագրեր էլ կնքվել են «Հայր և որդի Երեմյաններ» ՍՊԸ-ի հետ՝ 5 միլիոն դրամ, և «Կասկադ Ռոյալ» ՍՊԸ-ի հետ՝ 2 միլիոն դրամ արժողություններով։ Եվս մեկ պայմանագիր՝ պաշտոնական պատվիրակությունների ընդունելության հյուրանոցային և կոնֆերանս սրահի սպասարկման ծառայությունների համար կնքվել է «Սիթի Սենթրալ» ՍՊԸ-ի հետ, պայամանագրի գինը՝ 2 միլիոն դրամ։