Ունենք թոքաբորբերի աճ. մարտի առաջին կեսին կրկին համաճարակային ցուցանիշների բարձրացում կլինի. Ռոմելլա Աբովյան
Համաճարակային իրավիճակը համահունչ է սեզոնին։ Հիվանդացությունների ցուցանիշն այս տարի նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ ցածր է, նախորդ տարի ցուցանիշներն ավելի բարձր էին։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը՝ խոսելով Հայաստանում համաճարակային ընդհանուր իրավիճակի մասին։
Ինչ վերաբերում է այս իրավիճակով պայմանավորված ուսումնական հաստատությունների փակման անհրաժեշտությանը, Ռոբելլա Աբովյանն ասաց, որ ուսումնական հաստատությունների փակման անհրաժեշտություն չկա, այն առումով, որ կա հստակ կարգավորում։
«Մասնավոր առանձին ուսումնական հաստատություններում, դպրոցներում, որտեղ, օրինակ, բացակայությունների թիվը ՍՇՎ-ով՝ սուր շնչառական վարակներով պայմանավորված՝ 25 տոկոս և ավելի է, ապա այդ դպրոցն իրավունք ունի անցնելու հեռավար ուսուցման՝ վարակի տարածումը կանխարգելելու համար։
Ընդհանուր առմամբ, մենք ունենք ընդամենը թոքաբորբերի աճ, ինչը պայմանավորված է նրանով, որ այս պահին շրջանառվում է «H1N1» վիրուսը, որի ընթացքը շատ ավելի ծանր է, բարդություններ են առաջանում այն դեպքում, երբ բժշկի չեն դիմում։
Մենք դեռ տոնական օրերին էինք կանխատեսել, որ այսպիսի ցուցանիշներ կլինեն՝ ինչպես ամեն տարի։ Նաև կանխատեսում ենք, որ փետրվարի կեսերին եթե այս պատկերի վրա մնանք՝ կունենանք որոշակի նվազում, կունենանք նաև բարձրացում մարտի առաջին կեսին»,- շեշտեց մեր զրուցակիցը։
Նա նաև նշեց՝ մշտապես այս սեզոնին ուժեղացված համաճարակաբանական դիտարկում են իրականացնում՝ հոկտեմբերի 1-ից սկսած մինչև մայիս։ Այսինքն՝ իրականացնում են ամենօրյա վերլուծություններ հիվանդացությունների ցուցանիշների՝ համեմատելով այս օրվա ցուցանիշները նախորդ օրվա ցուցանիշների հետ, որպեսզի ցուցանիշների կտրուկ բարձրացումներ լինեն, անմիջապես դա արձանագրեն։
«Մենք կտրուկ բարձրացում չունենք, հոսպիտալացումների դեպքում ունենք մի քանի դեպքերով բարձրացում, վերակենդանացման բաժանմունքում ունենք մի քանի դեպքով բարձրացում, սակայն կտրուկ բարձրացումներ չունենք։ Համամասնորեն կարող են թվերը որոշակիորեն փոփոխվել։ Շաբաթական վերլուծությունը, որն անում ենք, դրանով մենք նվազում ունենք, նույնիսկ վերջին 10 օրերին առանձնապես կտրուկ իրավիճակ չկա»,- հավելեց Ռոմելլա Աբովյանը։
Ինչ վերաբերում է տարածված խոսակցություններին, որ՝ «ձմեռը ձմռան նման չէ, եթե ձյուն գար, օդը մաքրվեր, այսքան վիրուսները չէին տարածվի», մեր զրուցակիցը նկատեց՝ այստեղ ռիսկի մի քիչ այլ գործոններ կան։
«Ձմեռը ձմռան նման չէ, բնակչությունը եղանակին համահունչ չի հագնվում, հատկապես՝ ուսանողությունը, իսկ մրսածությունը ռիսկի գործոն է, եթե տաք չեն հագնվում, ռիսկը, որ դու կվարակվես՝ մեծ է, քանի որ մրսածությունը ռիսկի գործոն է։
Այս ամենով պայմանավորված՝ առանձնացվում է մեր ստանդարտ կանխարգելիչ միջոցառումները՝ և՛ ազգային մակարդակում, և՛ բնակչության շրջանում։ Ազգային մակարդակում մենք ամենօրյա հսկողության տակ ենք պահում, վերլուծում ենք, դպրոցներում, մանկապարտեզներում ջերմային ռեժիմներն ենք վերլուծում։ Այսինքն՝ եթե կան մասնավոր դպրոցներ, մանկապարտեզներ, որտեղ ջերմային ռեժիմը նորմին համապատասխան չի պահվում, տվյալները տրամադրվում են տեսչական մարմնին։ Նաև ամենօրյա ռեժիմով հավաքագրում ենք դպրոցներից բացակաների ամենօրյա ցուցանիշները, այդ բացակաների քանի տոկոսն է ՍՇՎ-ով։ Շատ դեպքերում լինում է, որ ծնողը չի ուղարկում, այնպես չէ, որ բոլոր բացակաները ՍՇՎ-ով են»,- ընդգծեց Ռոմելլա Աբովյանը։