Նիկոլ Փաշինյանի հետ ովքե՞ր են ներգրավվել IRF Summit-ի հիմնական բանախոսների թվում

Փետրվարի 5-ին ավարտվեց Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովը, որին մասնակցելու վեհ առաքելությամբ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 3-ից աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում է։

Ի դեպ, փորձագիտական շրջանակներն այս միջոցառմանը նրա մասնակցությունը համարում են միայն պատրվակ՝ նկատելով, որ իրական պատճառը Թրամփի արտաքին քաղաքականությունը շոշափելն է։ Եվ պատահական չէ, թերևս, հենց այս ձևաչափի ընտրությունը, քանի որ միջոցառմանը մասնացում էր նաև ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

Ամեն դեպքում միջոցառման շրջանակում պաշտոնական որևէ առանձին հանդիպման մասին խոսք չի եղել ու հայտնի չէ՝ այս գագաթնաժողովին ԱՄՆ փոխնախագահի մասնակցությունն ինչպե՞ս են կարողացել օգտագործել Հայաստանի «հզոր» դիվանագետները, ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանը։

Ի դեպ, ըստ IRF SUMMIT կայքի, Նիկոլ Փաշինյանի հետ հիմնական բանախոսների թվում են եղել դերասան Ռեյն Ուիլսոնը, նախագահ Թրամփի հատուկ խորհրդական Փոլա Ուայթը, Երեց Ահմադ Քորբիթը՝ Հիսուս Քրիստոսի Վերջին Օրերի Սրբերի Եկեղեցուց (ի դեպ, այս կրոնական կառույցն առավել հայտնի է «Մորմոններ» անունով), Moutain Gateway-ի հիմնադիր Բրիթ Հենքոքը, Նորին Սրբություն Պատրիարք Մորան Մոր Իգնատիուս Աֆրեմ Բ-ն, Վիետնամի քաղաքական և կրոնական բանտարկյալների բարեկամության ասոցիացիայի ղեկավար Նգուեն Բակ Տրույեն, Նորին Սրբություն Շեյխ Աբդալլահ բին Բայահը։

Կարդացեք նաև

Թե ինչո՞ւ է այս շարքում Հայաստանը ներկայանում ամենաբարձր պաշտոնյայով, դեռ պարզ չէ։

Նշենք՝ դեռ նախորդ տարին նոյեմբերի 7-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Մակունցը հանդիպել էր Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովի (IRF) գործադիր տնօրեն Փիթեր Բերնսի և «Save Armenia» քրիստոնեահուդայական միության տնօրեն Մաթիաս Պերտուլայի հետ։

Հանդիպման ժամանակ, ըստ պաշտոնական հաղորդագրության, մասնակիցները քննարկել էին հայ-ամերիկյան հարաբերությունները, ինչպես նաև անդրադարձ կատարել Հարավային Կովկասում տարածաշրջանային զարգացումներին, ներառյալ՝ խաղաղությանն ու հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։

Կողմերը երկուստեք պատրաստակամություն էին հայտնել ակտիվացնել և ընդլայնել համագործակցությունն ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Չի բացառվում, որ հենց այս պայմանավորվածության շրջանակում է Նիկոլ Փաշինյանը որոշել ներկայանալ նաև այս հարթակում, սակայն, թե կոնկրետ ի՞նչ նպատակով, դա ևս դեռևս անհայտ է։

Տեսանյութեր

Լրահոս