Հաշիվներ մաքրելու ժամանակը չէ. պահը հիմա է, որ Փաշինյանին մնան հաշված օրեր. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը վստահեցնում է՝ փաշինյանական իշխանության վարած քաղաքականության հետևանքով Հայաստանը կանգնելու է դեֆոլտի առաջ. պատճառը պետության վերցրած արտաքին պարտքի ծավալն է և դրա տոկոսների համար անհրաժեշտ միջոցների՝արդեն իսկ նկատվող սղությունը։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում Գառնիկ Դանիելյանն ասաց՝ տնտեսությունը վատ վիճակում է ռուս-ուկրաինական պատերազմի՝ այս փուլում Ռուսաստանից Հայաստան չեկող գումարների, բյուջե քիչ ուղղվող մուտքերի և Հայաստանի պետական պարտքի պատճառով։

«Դու պետությունը հասցրել ես այն վիճակի, որ այլևս հնարավոր չի շարունակել։ Փաշինյանը հայտնվել է պատային վիճակի առաջ, հարցեր պետք է լուծի, բայց չի կարողանում»,- ասաց Դանիելյանը՝ ընդգծելով՝ երկրում կամաց-կամաց հասունանում է սոցիալական բունտ, և ուշագրավ է, որ այսօր փաշինյանական իշխանության դեմ պայքարում են նաև այն նույն մարդիկ, որոնք 2021թ. երկրորդ անգամ ընտրել են հենց Փաշինյանին։

Ըստ Գ. Դանիելյանի՝ թեև խնդիրները սոցիալական են, սակայն դրսում գեներացվող բողոքի ակցիաներն ունեն քաղաքական բնույթ, որովհետև փաշինյանական կառավարության տված և չկատարած քաղաքական խոստումների հետևանքով են մարդիկ հայտնվել սոցիալական ծանր պայմաններում։

Կարդացեք նաև

«Այն բոլոր խմբերը, որոնք այսօր բողոքի ձայն են բարձրացնում, պետք է միավորվեն, իսկ նրանց կարող են միավորել քաղաքական ուժերը։ Մեզ պետք է միասնականություն ցուցաբերել, որպեսզի մարդիկ մեզ հետ գան, և, ի վերջո, էս իշխանություններին քշեն։ Ընդդիմադիր դաշտում պետք է տարաձայնությունները մի պահ կողքի դնել։ Հիմա է պահը. ամեն ինչը կախված է ընդդիմադիրներից, ամեն մեկն իր ամբիցիաներից պետք է մի քայլ հետ կանգնի, և միայն այդ ժամանակ է, որ Փաշինյանին հաշված օրեր կմնան»,- ասաց պատգամավորը՝ ընդգծելով՝ միայն կոնսոլիդացիայի արդյունքում կարող է իրավիճակ փոխվել, հակառակ դեպքում, ամեն մի երկարող օրը պետության համար շատ ավելի ծանր հետևանքներ է թողնելու։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս