Բա մեզ հարց պիտի տա՞նք, թե՞ չէ՝ ո՞նց եղավ, որ ԽՍՀՄ-ը 1965թ. թույլ տվեց Ծիծեռնակաբերդի համալիրը կառուցել

Այսօր Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ընթացքում լրագրողը մեջբերեց շվեյցարահայ համայնքի հետ հանդիպմանը Փաշինյանի արած հետևյալ հայտարարությունը. «Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»:

Ապա հետաքրքրվեց՝ Փաշինյանի աջակիցներից մեկն ասում էր, թե զենքը դրել են Փաշինյանի գլխին և ստիպել, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ ստորագրի, արդյո՞ք Էրդողանը կամ Ալիևը զենքը դրել է Փաշինյանի գլխին, որ նա օրակարգից հանի Հայոց ցեղասպանության հարցը, կամ, օրինակ՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու համար նախապայմա՞ն է դա, որովհետև Էրդողանի շուրթերից երբեք չենք լսել, որ նման պահանջ լինի:

Լրագրողի մյուս հարցը վերաբերում էր Բաքվում պահվող հայ գերիներին. «Ո՞ր կառույցն է հետախուզական տվյալներ տվել, որ նրանց հոգեմետ դեղեր են տալիս, Քրիստինե Գրիգորյանի՞, որի կառույցն ասում է, որ սահմանին պատերազմի վտանգ չեն տեսնում, բայց ԱԽՔ-ը ասում է, որ վտանգ տեսնում են»:

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան՝ ասաց, որ հարցի առաջին մասին արդեն ասուլիսի ժամանակ պատասխանել են. «Իմ գլխին ոչ ոք զենք չէր դրել և չէր կարող դնել: Եթե նոյեմբերի 9-ի թուղթը չստորագրեի, 25-26 հազար զինվոր հայտնվելու էր շրջափակման մեջ: Ես իմ գլխին զենք դրված լինելու բերումով ոչ երբևէ որևէ գործողություն արել եմ, ոչ էլ որևէ գործողություն երբեք կանեմ: 25 հազար զինվորի շրջափակման մեջ հայտնվել-չհայտնվելու մասին է խոսքը: Ցեղասպանության ժխտման վերաբերյալ հարցին պատասխանել եմ: Մի նյուանսի չեմ պատասխանել. Ես ասում եմ՝ առանց լրացուցիչ գործոնների մենք պետք է մեզ հարց տանք, թե ոնց է եղել, որ ԽՍՀՄ-ը 1965թ. կառուցել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը: Մենք հարց պետք է մեզ տա՞նք, թե՞ ոչ: Իսկ դա կարո՞ղ էր կապ ունենալ Երկրորդ աշխարհամարտից հետո սկսած սառը պատերազմի հետ, երբ աշխարհը բաժանվում էր բլոկների, և Թուրքիան հայտնվում էր Արևմտյան բլոկում: Հենց 1945-46թթ. Ստալինն ինքը այդ հարցերը բարձրացրել է, ընդհուպ, հողային հարցեր է բարձրացրել և այդպես շարունակ: Այդ հարցի պատասխանների հազարավոր տարբերակներից հնարավո՞ր է մեկը, որ Մեծ եղեռնը կասկածի տակ դնի, չի կարող այդպիսի հարցի պատասխան լինել, բա այս հարցն ինչի՞ համար է: Ուրիշ բանի համար է: Որ, ի վերջո, ռեֆլեքսիայի ենթարկենք՝ աշխարհը և մեր շուրջը տեղի ունեցած պրոցեսները, աշխարհի ընկալման մեր բանաձևերը ճի՞շտ են, թե՞ ոչ»:

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ կարևորն այսօրվա ընկալումները քննելն է. «Ի՞նչ կապ ունի այն ժամանակվա իրողությունը այսօր մեր իրողություններն ընկալելու հետ, որովհետև դա պրոցես է, որ մեր ինքնությունն է ձևակերպել: Հետևաբար, կարող է պարզվել, որ մենք ոչ թե տեղի ունեցածի, այլ աշխարհի ընկալման գիտելիքներով մեզ չենք հարստացնում: Ինչո՞ւ եմ անընդհատ կարդում հայոց պատմություն. Դա պարապությունի՞ց է, թե՞ կապ ունի իմ աշխատանքի հետ: Դա կապ ունի իմ աշխատանքի հետ, որովհետև աշխարհը ընկալելու իմ և մեր հմտությունները զարգացնելու մի ճանապարհ է»:

Անդրադառնալով Բաքվում պահվող գերիներին, նա նշեց, որ նրանք մարդիկ են, ովքեր պահվում են կալանքի ներքո՝ ի հեճուկս, այդ թվում, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության:

Դիտարկմանը՝ բայց Փաշինյանն ուղիղ է բանակցում Ալիևի հետ, նա արձագանքեց. «Բոլոր հարցերը քննարկվում են: Մենք քանի հատ գրավոր առաջարկ ենք փոխանցել Ադրբեջանին: Բոլոր թղթերը բանակցային բովանդակություններ են: Արդյո՞ք էդ թեմաների մեջ կա անդրադարձ գերիների, պատանդների և այլ պահվող անձանց մասին թեմային, իհարկե կա, չի կարող չլինել: Արդյո՞ք կա անհետ կորածների մասին, իհարկե կա, չի կարող չլինել: Բացառված է, որ չլինի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս