«Թևանիկ» ֆիլմը ցուցադրվեց Հայ և Ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում

Բանակի օրվան ընդառաջ՝ հունվարի 26-ին, Հայ և Ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում տեղի ունեցավ ֆիլմի դիտում-քննարկում։ Թանգարանի հյուրերն էին «Թևանիկ» ֆիլմի ստեղծագործական կազմի անդամներ՝ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի դերակատարներ՝ Մարտին Ալոյանը, Հենրի Շահբազյանը, Նարինե Պետրոսյանը և Մերի Մովսեսյանը։

«Ճիշտ է՝ «Թևանիկը» շատ փառատոների  է մասնակցել, տարբեր երկներում է ցուցադրվել, բայց այսօր ձեր կարծիքն ինձ համար պակաս կարևոր չէ, դիտարկումները ևս․․․»,-հանդիպման մեկնարկին նշեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը։

«Թևանիկը» պատմություն է երեք պատանիների մասին, ովքեր բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Ֆիլմը ներկայացնում է արցախյան ազատամարտի տարիները` մասնավորապես սկզբնական շրջանը, երբ պատերազմի վտանգն էր դեռ կախված մարդկանց գլխին, և մարդիկ ամբողջությամբ պատերազմի մեջ չէին: Կինոնկարը պատմում է 14 տարեկան երեք պատանու մասին, ովքեր ևս, մեծահասակների պես, բնավ չեն պատկերացնում, թե ինչ է պատերազմը: Անկախ իրենց կամքից` նրանք պատերազմի դաժան դրոշմը կրում են իրենց վրա` տարբեր կերպ: Պատերազմ, որի մասին իրենք էլ պատկերացում չունեն և չեն էլ հասցնում ըմբռնել` ինչ է դա:

«Ֆիլմն անկեղծորեն է ստեղծվել: Սա բողոք է պատերազմի դեմ՝ ականատեսի աչքերով, ով խաղաղություն է քարոզում: Եվ ինձ թվում է, մենք կարողացել ենք ճիշտ ձևով խոսել մարդու, պատերազմի չարիքի մասին՝ առանց արյունահեղ տեսարաններ ցուցադրելու»,- նշեց Ջիվան Ավետիսյանը:

Ֆիլմի դիտմանը հաջորդեց քննարկում՝ հարց-պատասխան ձևաչափով։ Պատանի դպրոցականները հնարավորություն ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղել ինչպես ռեժիսորին, այնպես էլ ֆիլմի դերակատարներին։ Ջերմ մթնոլորտում իրականացրած հանդիպման ընթացքում՝ դերասանները նորից վերհիշեցին նկարահանման հրապարակը, միասին անցկացրած հետաքրքիր օրերը։

Ֆիլմի անձակազմը ողջունեց պատանիների հետ հանդիպման նմանօրինակ ձևաչափը և հույս հայտնեց, որ դրանք կլինեն շարունակական։

Թանգարանի տնօրեն Ռուզան Բադալյանը՝ թանգարանի կողմից ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին հանձնեց շնորհակալագիր, ի նշան թանգարանի հետ ունեցած համագործակցության։

Հյուրերը նաև շրջեցին թանգարանում, ծանոթացան թանգարանի ստեղծման պատմությանը և պահվող ցուցանմուշներին։

Տեսանյութեր

Լրահոս