
ԵՄ-ն մաքսատուրքեր կսահմանի ՌԴ-ից և Բելառուսից մի շարք գյուղատնտեսական ապրանքների և պարարտանյութերի վրա

Եվրոպական հանձնաժողովը որոշում է ընդունել Ռուսաստանից և Բելառուսից մի շարք գյուղատնտեսական ապրանքների, ինչպես նաև ազոտական պարարտանյութերի առանձին տեսակների վրա մաքսատուրքեր սահմանելու վերաբերյալ: Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի տարածած հայտարարության մեջ:
«Սպասվում է, որ մաքսատուրքերը բացասաբար կանդրադառնան Ռուսաստանի արտահանման եկամուտների վրա՝ դրանով իսկ ազդելով Ուկրաինայում պատերազմ վարելու՝ Ռուսաստանի կարողության վրա», – գրված է հայտարարության մեջ։
Դրա հետ մեկտեղ նշվում է, որ «ռուսական և բելառուսական գյուղատնտեսական արտադրանքի և պարարտանյութերի արտահանումը երրորդ երկրներ մնում է անփոփոխ»։
Եվրահանձնաժողովում կարծում են, որ «մաքսատուրքերը կնպաստեն ներքին արտադրության աճին և կօգնեն ԵՄ պարարտանյութերի արդյունաբերությանը, որը տուժել է էներգետիկ ճգնաժամից»:
Այդուհանդերձ, փաստաթղթում ասվում է, որ «առաջարկը ներառում է նաև մեղմացնող միջոցներ, եթե ԵՄ-ի ֆերմերները տեսնեն պարարտանյութերի գների զգալի բարձրացում»:
Ինչպես պարզաբանել է Առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով եվրահանձնակատար Մարոշ Շեֆչովիչը, մաքսատուրքերը մի քանի նպատակ են հետապնդում։
«Մենք նպատակ ունենք էլ ավելի թուլացնել Ռուսաստանի ռազմական տնտեսությունը՝ միաժամանակ նվազեցնելով ԵՄ-ի կախվածությունը, աջակցելով մեր արդյունաբերությանը և պահպանելով գլոբալ պարենային անվտանգությունը», – ասել է Շեֆչովիչը։