«Ժողովրդին թուլացնելու, հնազանդեցնելու, պարտության մատնելու ամենակարճ ուղին միշտ եղել է սեփական ուժերի նկատմամբ անվստահության, կասկածանքի սերմանումը». Վիգեն Սարգսյան

ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է 2018թ. հունվարի 28-ի Հայոց Բանակի օրվա իր ելույթից մի հատված, որը հրապարակում ենք ստորև.

«Անհատին, հասարակությանը և ժողովրդին թուլացնելու, հնազանդեցնելու, պարտության մատնելու ամենակարճ ուղին միշտ եղել է սեփական ուժերի նկատմամբ անվստահության, կասկածանքի սերմանումը և իր գաղափարական հենքից, արմատներից, ինքնության ճանաչումից և գիտակցումից կտրելը:

Մեզ երկար ժամանակ ներշնչել են, որ տառապյալների, հայրենազրկվածների, կոտորածներից մազապուրծ եղածների ժառանգներ ենք՝ մոռացության տալով մեր փառավոր հաղթանակների պատմությունը: Մեզ փորձել են պոկել հազարամյակների այն արմատներից, որոնք կենսական են սեփական հողում ամուր կանգնելու և ժամանակների հոսանքներին դիմակայելու համար:

Այնինչ մեր նորագույն պատմությունն այլ բան է հուշում: 1918-ից ի վեր մենք ապրել ենք հաղթանակների դարաշրջան: Այդ հաղթանակներն են հնարավորություն տվել մեզ վերագտնելու մեր ինքնությունը, վերադարձնելու աշխարհով սփռված մեր ժառանգության մի զգալի մասը՝ առաջին հերթին ի դեմս հայրենադարձած մեր քույրերի և եղբայրների, որ հնարավոր դարձրին մերօրյա Հայաստանում համադրելու մեր հայրենիքի արևելյան և արևմտյան հատվածների ավանդույթները, հիշողությունները, համն ու հոտը: Այդ հաղթանակների շնորհիվ հնարավոր եղավ պահպանել մեր հոգևոր արժեքները, Մայր Աթոռը, ունենալ Երևանի պետական համալսարան, Մատենադարան, Գիտությունների ազգային ակադեմիա: Դրանց շնորհիվ վեր խոյացան հայրենի գիտությունն ու արդյունաբերությունը, նորովի վերածնվեց միջնադարյան հայկական ճարտարապետությունը, ծաղկում ապրեցին մեր դպրությունը, մշակույթը, արվեստները և սպորտը:

Վերջին 100 տարվա համաշխարհային առաջընթացում չեղավ որևէ ոլորտ, որտեղ մեր ժողովրդի զավակները չունենային իրենց նշանակալի, ներկայացվածությունն ու ներդրումը: Եվ դա մեր հաղթանակների արդյունքն էր:

Սարդարապատից Մեծ Հայրենական պատերազմ և մինչև Արցախյան հերոսամարտ մենք բազում առիթներ ենք ունեցել հպարտանալու մեր բանակի հզորությամբ, մեր պապերի, հայրերի և եղբայրների սխրանքով, մեր ժողովրդի համախմբվածությամբ և միասնականությամբ, մեր հերոսներով` ամենահայտնի մարշալներից մինչև անհայտ զինվոր:

Փառք մեր հերոսների հիշատակին, փառք նրանց սխրանքին և հավերժ հիշատակ: Հարգենք Հայոց բանակի բոլոր ժամանակների հերոսների հիշատակը հոտնկայս ծափահարություններով:

Հայոց Բանակի օրվա ելույթից
28 հունվարի 2018թ.»։

Տեսանյութեր

Լրահոս