
Էրդողանին բավարարողը կամ ինչպես է Փաշինյանը թաքցրել խոսքի մի հատվածը․ Yerkir.am

Հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, խոսելով Հայոց ցեղասպանության հարցի մասին, Նիկոլ Փաշինյանը, ըստ պաշտոնական տեսագրության, ասել է.
«Պետք է հասկանանք՝ լավ, ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել։ Եվ ինչպե՞ս ենք մենք դա ընկալել, ու՞մ միջոցով ենք ընկալել։ Ո՞նց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ո՞նց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Ո՞նց է եղել, մենք պետք է հասկանանք, թե չպետք է հասկանանք։ Այս թեմաների հետ պետք է հարաբերվենք, թե չպետք է հարաբերվենք։ Մենք մեր ինքնությունը կառավարում ենք, թե մենք մեր ինքնությունը չենք կառավարում: Ստեղ է հարցերը, որոնք պետք ա խոսել: Ընդ որում, սրանք ֆունդամենտալ հարցեր են, որոնք պետք ա հասկանանք, որ մեր խնդիրները լուծենք: Հակառակ դեպքում չենք բան անի…»։
Yerkir.am-ը պարզել է՝ սա Նիկոլ Փաշինյանի խոսքի ամբողջական հատվածը չէ: Խոսքի տեսագրությունից դուրս է թողնված մի ընդարձակ հատված, որտեղ Նիկոլ Փաշինյանը փորձել է նաև մասամբ բավարարել հայ համայնքի ակնկալիքները:
Ստորև ներկայացնում ենք Փաշինյանի խոսքի այն հատվածը, որն առնչվում է Հայոց ցեղասպանությանը և որոնք դուրս է թողնվել տարածված պաշտոնական տեսագրությունից: Հետաքրքրական է, որ Փաշինյանի խոսքի այս բաժինը հրապարակվել է նաև ՀՀ լրատվականներից մեկում, սակայն կարճ ժամանակ անց հեռացվել:
«Մեր ինքնության կառավարման հարցը հիմնարար է։ Մենք հաճախ պատմության ընկալումը թողել ենք ինքնահոսի, բայց պետք է ուղղակիորեն հարց տանք՝ ի՞նչ է նշանակում լինել ցեղասպանությունը վերապրած ժողովուրդ, և ինչպե՞ս պետք է դա օգտագործել ոչ թե որպես անընդհատ ցավի աղբյուր, այլ որպես ուժ և շարժիչ ուժ»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ այս թեման պետք է ուսումնասիրվի ոչ միայն պատմաբանների, այլև քաղաքագետների, ռազմավարագետների կողմից. «Պետք է ձևավորենք հստակ դիրքորոշում, թե ինչ ենք ուզում ասել աշխարհին Հայոց ցեղասպանության մասին։ Սա պահանջում է ոչ միայն խոսույթ, այլև գործողություն»։
«Ես ուզում եմ ընդգծել, որ մեր ցեղասպանության պատմությունը պետք է դիտարկենք ոչ թե միայն որպես ազգային վիշտ, այլ նաև որպես միջազգային արդարության և իրավունքների պայքարի օրինակ։ Սա է պատճառը, որ մենք պետք է շարունակենք աշխատել այս հարցի շուրջ և միջազգային հանրությանը ներկայացնենք ոչ միայն այն, ինչ տեղի է ունեցել, այլև այն, ինչ դասեր պետք է քաղենք բոլորս՝ նման դեպքերը կանխելու համար։
Այս ամենը չի նշանակում, որ պետք է մոռանանք մեր ցավը։ Բայց մենք պետք է ավելին անենք՝ այդ ցավը վերածելով գործողությունների։ Մեր նպատակը պետք է լինի ոչ միայն ճանաչումը, այլև մեր պետականության, մեր ինքնության և մեր միջազգային դիրքի ամրապնդումը։
Հայոց ցեղասպանության պատմության ճիշտ ընկալումնուներ կայացումը մեզ համար պետք է լինի մեր ինքնության մաս, բայց նաև գործիք՝ դեպի առաջ նայելու և մեր պետության ու ժողովրդի ապագան կառուցելու համար։ Մենք պետք է կառավարենք մեր պատմությունը, այլ ոչ թե թույլ տանք, որ պատմությունն անընդհատ կառավարի մեզ»։
Հարցին, թե «ինչ նշանակությունուն են 1939-ի և 1959-ի իրադարձությունները ցեղասպանության ընկալման և միջազգային օրակարգում դրա դիրքավորման առումով, ինչպես եք գնահատում այդ փոփոխությունները և դրանց ազդեցությունը մեր ազգային ու պետական ինքնության վրա», Փաշինյանը պատասխանել է.
«Սա շատ կարևոր և հաճախ անտեսված թեմա է։ Մենք հաճախ կենտրոնանում ենք Հայոց ցեղասպանության պատմության վրա որպես մեր ազգային ցավի և ողբերգության վրա, բայց շատ հաճախ չենք տալիս հարց՝ ինչպե՞ս և ինչո՞ւ են այդ պատմական ժամանակաշրջաններում որոշակի փոփոխություններ եղել այս հարցի ընկալման մեջ։
1939 թվականին, օրինակ, Հայոց ցեղասպանությունը միջազգային օրակարգում չի եղել։ Պատճառներից մեկն այն է, որ այդ ժամանակ աշխարհն արդեն կանգնած էր նոր պատերազմի շեմին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի շեմին, և այդ համատեքստում ցեղասպանության հարցը քաղաքական մեծ ուժերի համար առաջնահերթ չէր։ Բայց այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ։ Ինչպե՞ս է եղել, որ այն ժամանակ այս թեման լուռ մնաց։
Իսկ արդեն 1950-ականների վերջում և 1960-ականների սկզբում տեսնում ենք, որ Հայոց ցեղասպանության թեման սկսում է ավելի ակտիվորեն հայտնվել միջազգային օրակարգում։ Ինչո՞ւ այս փոփոխությունը տեղի ունեցավ։ Ի՞նչ պայմաններ փոխվեցին, որոնք ստիպեցին աշխարհին վերանայել իր դիրքորոշումը։
Այս հարցերը կարևոր են, քանի որ ցույց են տալիս, թե ինչպես պատմությունը, քաղաքականությունը և միջազգային հարաբերությունները փոխկապակցված են։ Մենք պետք է հասկանանք, որ Հայոց ցեղասպանության միջազգային ընկալման փոփոխությունները պայմանավորված էին նաև այն բանով, թե ինչպես է հայ ժողովուրդը ինքը խոսել իր ցավի, իր անցյալի մասին և ինչ դիրքորոշում է ունեցել։
Ես կարծում եմ, որ մենք պետք է ուսումնասիրենք այս հարցերը, որպեսզի ավելի լավ հասկանանք՝ ինչու որոշակի ժամանակահատվածներում մեր պատմությունը լուռ է մնացել, իսկ որոշ ժամանակահատվածներում դարձել է ավելի լսելի։ Սա նաև կարևոր է հասկանալու համար, թե ինչ ռազմավարություն պետք է կիրառենք այսօր՝ մեր պատմական ցավը միջազգային օրակարգի կարևոր մաս դարձնելու համար։
Այսպիսով, 1939-ը և 1959-ը մեզ դաս են տալիս՝ ցույց տալով, թե որքան կարևոր է ոչ միայն միջազգային քաղաքական իրավիճակը, այլև այն, թե մենք ինքներս ինչ դեր ենք խաղում մեր պատմության ներկայացման գործում։ Մենք պետք է ավելի հստակ ձևակերպենք մեր նպատակներն ու մեսիջները և դրանք հասցնենք միջազգային հանրությանը, որպեսզի Հայոց ցեղասպանության հարցը ոչ միայն ճանաչվի, այլև դառնա մարդու իրավունքների և արդարության համաշխարհային օրակարգի մասնիկ»։
Ի դեպ, Փաշինյանի խոսքի այս՝ չհրապարակված կամ թաքցված հատվածը հունվարի 26-ին գրեթե նույնությամբ հրապարակվել է Փարիզի «Նոր Յառաջ» թերթում (թե՛ կայքում, թե՛ թերթային տարբերակով):
Ստորև ներկայացնում ենք նաև «Նոր Յառաջի» «ԶՈՒԻՑԵՐԻԱ – Վարչապետ Փաշինեան զուիցերա հայ համայնքի ներկայացուցիչներու հետ հանդիպումին անդրադարձած է շարք մը կարեւորնիւթերու» ծավալուն հրապարակման համապատասխան ենթաբաժինը.
«Հանդիպում զուիցերահայ համայնքի ներկայացուցիչներու հետ
Նոյն օրը Ցիւրիխի մէջ վարչապետը հանդիպում ունեցած է նաեւ զուիցերահայ համայնքի ներկայացուցիչներուն հետ, պատասխանելով զանոնց հետաքրքրող շարք մը հարցերու։
Ան յատկապէս անդրադարձած է Իրական Հայաստանի ռազմավարութեան, Սփիւռքի հետ յարաբերութիւններուն, ինքնութեան պահպանման, երկրի տնտեսական զարգացման, պետական կառավարման համակարգի խնդիրներուն եւ իրականացուող բարեփոխումներուն, Հայաստանի ներքին եւ արտաքին մարտահրաւէրներուն ու զանոնք դիմագրաւելու համար ձեռնարկուող քայլերուն:
Ստորեւ կու տանք կարգ մը մանրամասնութիւններ վերոնշեալ հանդիպումէն.
«Անհրաժեշտ է վերանայել, թէ ինչպէս ենք խօսում Ցեղասպանութեան մասին»
“Հայոց ցեղասպանութեան թեման, անշուշտ, մեր ինքնութեան անքակտելի մասն է։ Բայց ես ուզում եմ ընդգծել, որ մեզ անհրաժեշտ է վերանայել ոչ միայն այն, թէ ինչպէս ենք ընկալում Հայոց ցեղասպանութիւնը, այլ նաեւ այն, թէ ինչպէս ենք դրա մասին խօսում”,– ըսած է վարչապետը։
Հարցումին, թէ ինչպէ՞ս կը տեսնէ «Հայոց ցեղասպանութեան նիւթի տեղն ու դերը մեր ազգային ինքնութեան եւ պետական քաղաքականութեան մէջ, ինչպէ՞ս կրնանք աւելի արդիւնաւէտ օգտագործել այս հարցը մեր քաղաքական օրակարգին մէջ՝ թէ՛ ներքին, թէ՛ միջազգային մակարդակի վրայ», Փաշինեան պատասխանած է.
«Մենք պէտք է հասկանանք՝ ի՛նչ է տեղի ունեցել եւ ինչո՛ւ է տեղի ունեցել։ Սա ոչ միայն պատմական, այլեւ ռազմավարական հարց է։ Մենք պէտք է փորձենք հասկանալ՝ ինչո՞ւ 1939 թուականին Հայոց ցեղասպանութիւնը միջազգային օրակարգում չի եղել, իսկ 1950-ականներին՝ յայտնուել է։ Ինչպէ՞ս ենք մենք դա ընկալել, ո՞ւմ միջոցով ենք ընկալել եւ ի՞նչ հետեւութիւններ ենք արել»,– ըսած է ան եւ շարունակած.
“1939 թուականին, օրինակ, Հայոց ցեղասպանութիւնը միջազգային օրակարգի վրայ չի եղել։ Պատճառներից մէկն այն է, որ այդ ժամանակ աշխարհն արդէն կանգնած էր նոր պատերազմի շեմին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի շեմին, եւ այդ համածիրում ցեղասպանութեան հարցը քաղաքական մեծ ուժերի համար առաջնահերթ չէր։ Բայց այստեղ հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ։ Ինչպէ՞ս եղաւ, որ այն ժամանակ այս թեման լուռ մնաց։
Իսկ արդէն 1950-ականների վերջում եւ 1960-ականների սկզբում տեսնում ենք, որ Հայոց ցեղասպանութեան թեման սկսում է աւելի աշխուժօրէն յայտնուել միջազգային օրակարգում։ Ինչո՞ւ այս փոփոխութիւնը տեղի ունեցաւ։ Ի՞նչ պայմաններ փոխուեցին, որոնք ստիպեցին աշխարհին վերանայել իր դիրքորոշումը։
Այս հարցերը կարեւոր են, քանի որ ցոյց են տալիս, թէ ինչպէ՛ս պատմութիւնը, քաղաքականութիւնը եւ միջազգային յարաբերութիւնները փոխկապակցուած են։ Մենք պէտք է հասկանանք, որ Հայոց ցեղասպանութեան միջազգային ընկալման փոփոխութիւնները պայմանաւորուած էին նաեւ այն բանով, թէ ինչպէս է հայ ժողովուրդը ինքը խօսել իր ցաւի, իր անցեալի մասին եւ ինչ դիրքորոշում է ունեցել։
Ես կարծում եմ, որ մենք պէտք է ուսումնասիրենք այս հարցերը, որպէսզի աւելի լաւ հասկանանք՝ ինչո՛ւ որոշակի ժամանակահատուածներում մեր պատմութիւնը լուռ է մնացել, իսկ որոշ ժամանակահատուածներում դարձել է աւելի լսելի։ Սա նաեւ կարեւոր է հասկանալու համար, թէ ինչ ռազմավարութիւն պէտք է կիրառենք այսօր՝ մեր պատմական ցաւը միջազգային օրակարգի կարեւոր մաս դարձնելու համար։
Մենք պէտք է աւելի յստակ ձեւակերպենք մեր նպատակներն ու պատգամները եւ դրանք հասցնենք միջազգային հանրութեանը, որպէսզի Հայոց ցեղասպանութեան հարցը ոչ միայն ճանաչուի, այլեւ դառնայ մարդու իրաւունքների եւ արդարութեան համաշխարհային օրակարգի մասնիկ”։
“Մեր ինքնութեան կառավարման հարցը հիմնարար է։ Մենք յաճախ պատմութեան ընկալումը թողել ենք ինքնահոսի, բայց պէտք է ուղղակիօրէն հարց տանք՝ ի՞նչ է նշանակում լինել ցեղասպանութիւնը վերապրած ժողովուրդ, եւ ինչպէ՞ս պէտք է դա օգտագործել ոչ թէ որպէս անընդհատ ցաւի աղբիւր, այլ որպէս ուժ եւ շարժիչ ուժ”։
Վարչապետին համաձայն՝ այս նիւթը պէտք է ուսումնասիրուի ոչ միայն պատմաբաններու, այլեւ քաղաքագէտներու, ռազմավարագէտներու կողմէ. “Պէտք է ձեւաւորենք յստակ դիրքորոշում, թէ ի՛նչ ենք ուզում ասել աշխարհին Հայոց ցեղասպանութեան մասին։ Սա պահանջում է ոչ միայն խօսոյթ, այլեւ գործողութիւն։ (…) Մենք պէտք է շարունակենք աշխատել այս հարցի շուրջ եւ միջազգային հանրութեանը ներկայացնենք ոչ միայն այն, ինչ տեղի է ունեցել, այլ այն՝ ի՞նչ դասեր պէտք է քաղենք բոլորս՝ նման դէպքերը կանխելու համար։
Այս ամէնը չի նշանակում, որ պէտք է մոռանանք մեր ցաւը։ Բայց մենք պէտք է աւելին անենք՝ այդ ցաւը վերածելով գործողութիւնների։ Մեր նպատակը պէտք է լինի ոչ միայն ճանաչումը, այլեւ մեր պետականութեան, մեր ինքնութեան եւ մեր միջազգային դիրքի ամրապնդումը։
Հայոց ցեղասպանութեան պատմութեան ճիշտ ընկալումն ու ներկայացումը մեզ համար պէտք է լինի մեր ինքնութեան մաս, բայց նաեւ գործիք՝ դէպի առաջ նայելու եւ մեր պետութեան ու ժողովրդի ապագան կառուցելու համար։ Մենք պէտք է կառավարենք մեր պատմութիւնը, այլ ոչ թէ թոյլ տանք, որ պատմութիւնն անընդհատ կառավարի մեզ”։
Ստացվում է, որ Փաշինյանը սովորության համաձայն փորձել է բավարարել բոլորին և դուր գալ թե՛ համայնքի ներկայացուցիչներին, որոնցից ոմանք նաև Հայոց ցեղասպանության վերապրողների ժառանգներ են, թե՛ Էրդողանին:
Այդուհանդերձ, Էրդողանին չնեղացնելու և վերջինիս ամեն գնով բավարարելու մոլուցքն այնքան մեծ է Փաշինյանի մոտ, որ հրահանգվել է անհապաղ թաքցնել իր խոսքի համապատասխան հատվածները:
Այդ խոսքերը, չնայած որ, խիստ վերապահումով կարելի է համարել հայամետ, և դրանք ամենևին այն չեն, ինչը պարտավոր էր ասել Հայաստանի ղեկավարը, այնուամենայնիվ, անգամ այս՝ հայությանը մասնակի բավարարող ձևակերպումները, որոնք, ըստ Նիկոլ Փաշինյանի, կարող էին և դուր չգալ Էրդողանին, հրատապ կարգով ջնջվել են մեդիատիրույթից: