Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է քրդերի դեմ պայքարում «բոլոր ռեսուրսներն» օգտագործելու անհրաժեշտության մասին
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կիրակի օրը Բաղդադում կայացած բանակցություններից հետո հայտարարել է, որ տարածաշրջանումինչպես «Իսլամական պետության», այնպես էլ քուրդ զինյալներին ոչնչացնելու համար անհրաժեշտ է «մեր բոլոր ռեսուրսների» օգտագործմամբ համատեղ պայքար ծավալել, հայտնում է Reuters-ը։
Ֆիդանի այցը տեղի է ունենում Սիրիայի հյուսիսարևելքում քրդական YPG-ի զինյալներին ցրելու մասին Թուրքիայի բազմակի կոչերի ֆոնին: Ընդ որում, Անկարան նախազգուշացրել է, որ կարող է նոր անդրսահմանային գործողություն սկսել խմբավորման դեմ, եթե իր «մտահոգությունները հաշվի չառնվեն»։
Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները (YPG) գլխավորում են ԱՄՆ-ի դաշնակից «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF): Թուրքիան նրանց ահաբեկիչներ է հայտարարել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) կազմում, որի դեմ Անկարան կանոնավոր անդրսահմանային ռազմական գործողություններ է իրականացնում հյուսիսային Իրաքի լեռնային շրջաններում։