Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, ինչ-որ տեղ` անհասկանալի. փաստաբան. «Փաստինֆո»

ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդին` Արման Սահակյանը, պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանը մեղադրանքը չի ընդունում: Արման Սահակյանը մեղադրանքը բացարձակ անհիմն է համարում, չփաստարկված, մեզ համար` ինչ-որ տեղ` անհասկանալի: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արման Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք` Արման Սահակյանը հունվարի 23-ին ձերբակալվել էր, դատարանը մերժել է նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը` որպես խափանման միջոց ընտրելով վարչական հսկողությունը: ՔԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում մանրամասնել էին, որ պաշտոնատար անձանց կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները չարաշահելու, նույն լիազորություններն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու, պաշտոնատար անձանց օժանդակելու հատկանիշներով հանրային քրեական հետապնդում է հարուցվել 13 անձի նկատմամբ, այդ թվում՝ 2011-2018թթ. ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի պաշտոնը զբաղեցրած Արման Սահակյանի նկատմամբ՝ այն բանի համար, որ նրանք 2012-2015թթ. Երևան քաղաքում գտնվող երեք ուսումնական հաստատությունների զբաղեցրած տարածքների վերաճշտման պատրվակով, ապօրինի կերպով առանձնացրել են հողատարածքներ, որոնց հանցավոր ծագումը, իրավունքները և պատկանելիությունը թաքցնելու նպատակով նշված անշարժ գույքերը ձևական աճուրդների միջոցով օտարել են իրենց հետ փոխկապակցված անձանց: Արման Սահակյանը, ինչպես նաև ևս 7 անձ քննիչի որոշման հիման վրա ձերբակալվել են և նրանց կալանավորելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան, որի արդյունքում մեղադրյալների նկատմամբ կիրառվել են տարբեր խափանման միջոցներ, Արման Սահակյանի նկատմամբ կիրառվել է վարչական հսկողություն:

Արման Սահակյանի պաշտպան Էմին Խաչատրյանը, սակայն, նկատում է` քրեական գործը նոր չէ, 2021թ դատարան ուղարկված գործ է, սակայն ՔԿ-ն գտել է, որ գործով պետք է նաև այլ արարք մեղսագրվի, ինչն անընդունել է:

«Մեղադրանքը բացարձակ անհիմն է, չփաստարկված, մեզ համար` ինչ-որ տեղ` անհասկանալի»,- նշեց փաստաբանը:

Արման Սահակյանը մեղադրանքի վերաբերյալ դիրքորոշում հայտնել է` նշելով, որ այն չի ընդունում, սակայն նախաքննական գաղտնիքով պայմանավորված` այս փուլում այլ մանրամասներ հայտնելուց պաշտպանը զերծ մնաց:

Տեսանյութեր

Լրահոս