Նիկոլը ոչ միայն մատը մատին չի տվել և չի տալու գերիների հարցով, այլև ըմբոշխնում է մեր հայրենակիցների հանդեպ Ալիևի հալածանքների տեսարանները. Արմեն Աշոտյան
«5 հարց՝ Արմեն Աշոտյանին» հեռակա զրույցի շրջանակներում ՀՀԿ փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը դարձյալ պատասխանել է քաղաքացիների հարցերին:
Հարց 5-րդ
«Ի՞նչ անել Բաքվում Ալիևի կողմից դատաստանի ենթարկվող Արցախի ղեկավարությանը և մյուս հայ գերիներին փրկելու համար»:
Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է.
«Իշխանափոխություն։ Իսկ մինչ այդ և դրան զուգահեռ՝ մշտապես հիշել, հիշեցնել և պահանջել։ Ցանկացած առիթով։ Երկրի ներսում և դրսում։ Տեղական իշխանիկներից և դրսի չինովնիկներից։ Հետապնդեք այդ հարցով նիկոլական պատգամավորներին, նախարարներին, արտասահմանյան պատվիրակություններին և հավատարմագրված դեսպաններին։ Հարցազրույցներով, ելույթներով, նամակներով, ցույցերով, պիկետներով, ակցիաներով, ֆլեշ-մոբերով։
Որպես առ այսօր քաղաքական հետապնդման ենթարկվող մարդ՝ հավաստիացնում եմ ձեզ, որ դա կարևոր է, անհրաժեշտ և էֆեկտիվ։ Մեր հայրենակիցների ազատ արձակումը պիտի դառնա համազգային պահանջ, դրա շուրջ պիտի ապակենտրոն շարժում ձևավորել, այդ թվում՝ Սփյուռքում։
Տեսեք, թե Իսրայելում հասարակությունը ոնց էր պայքարում պատանդների ազատության համար։ Մտքում ունեմ նաև այդ շարժման խորհրդանիշը՝ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու շեփորավոր հրեշտակը։ Նիկոլը ոչ միայն մատը մատին չի տվել և չի տալու այդ հարցով, այլև ըմբոշխնում է մեր հայրենակիցների հանդեպ Ալիևի հալածանքների տեսարանները»։
Մանրամասները՝ տեսանյութում: