«ՀՀ իշխանությունները դիմել են ագրեսիվ կրոնական խմբերի. դա մեզ մղելու է Իրանի հետ բախման». Խաչիկյան

Չնայած հայ-ամերիկյան ռազմավարական համագործակցության կանոնադրության շուրջ աղմուկին, Նիկոլ Փաշինյանը չէր հրավիրվել Թրամփի երդմնակալության արարողությանը: Փետրվարի սկզբին նախատեսվում է Նիկոլ Փաշինյանի այցն ԱՄՆ, բայց ոչ թե Թրամփի հետ հանդիպման նպատակով, այլ Փաշինյանը Վաշինգտոնում կմասնակցի 5-րդ ամենամյա Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովին, ինչպես նաև «Ազգային աղոթքի նախաճաշին»:

Քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Խաչիկյանի տեղեկություններով՝ Հայաստանի իշխանությունների վերջին հույսն ԱՄՆ-ում որոշ կրոնական խմբեր են, որոնք Հայաստանին լուրջ վտանգի առաջ են կանգնեցնելու:

«Թրամփի ադմինիստրացիայում լուրջ կապեր ունեցող մարդիկ ինձ նախ ասում են, որ Հայաստանի դեսպանատունը ԱՄՆ-ում շատ վատ է աշխատում, որևէ ազդեցություն Հայաստանը չունի Թրամփի ադմինիստրացիայում, Թուրքիան և Ադրբեջանը շատ ավելի առաջ են անցել, քան մենք: Նրանք ասում են, որ սխալ խաղաքարտերով խաղացինք, մեր ամբողջ հույսը դնում էինք Բայդենի վրա, և հիմա շատ քիչ ազդեցություն ունենք այս ադմինիստրացիայում: Մեր դեսպանությունը հուսահատ ձևով փորձում է կապվել այս ադմինիստրացիայի հետ:

Ինձ հասած տեղեկություններով՝ նրանք իրենց խաղադրույքը դրել են որոշ կրոնական խմբերի վրա, բայց այդ կրոնական խմբերն ունեն շատ հստակ օրակարգ Միջին Արևելքում. ունեն բացառապես պրոիսրայելական կողմնորոշում, սիոնիստական կողմնորոշում, և այդ ճանապարհն ընտրելով՝ կարող ենք այնպիսի ուղղությամբ գնալ, որ ներքաշվենք ապագա կոնֆլիկտի մեջ Իրանի հետ: Սա մեզ մղելու է Իրանի հետ բախման, որովհետև այստեղ ոչինչ ձրի չի արվում, և այս խմբերը պահանջելու են, որ Հայաստանն առնվազն աջակցի, եթե ոչ՝ մասնակցի ապագա գործողություններին Իրանի դեմ: Սա շատ վտանգավոր է մեզ համար»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանն ու իր կադրերն այստեղ պառակտում են Սփյուռքը, հրաժարվում են օգտագործել Սփյուռքի կադրերը, ավելին, պահանջում են, որպեսզի Սփյուռքի որոշ ներկայացուցիչներ չմասնակցեն ամերիկյան կողմի հետ որևէ հավաքի կամ հանդիպման: «Ասինքն՝ փոխանակ Սփյուռքի ռեսուրսն օգտագործելուն և առաջնային համարելուն ոչ թե իրենց աթոռը, այլ մեր շահերը, նրանք հակառակն են անում: Մենք տապալում ենք մեր հարաբերություններն աշխարհի ամենաուժեղ պետության հետ»:

Հարցին՝ նախընտրական շրջանում Թրամփն անձամբ զանգել էր Արամ Ա Կաթողիկոսին, ինչը նշանակում էր, որ կարելի էր Հայ Առաքելական ռեսուրսն օգտագործել՝ Թրամփի ադմինիստրացիայի հետ կապվելու համար, բայց որոշել են դիմել աղանդավորական կառույցների՞ն, դա որևէ բացատրություն ունի՞, նա պատասխանեց.

«Ես հեռու եմ այսպիսի բաներից՝ աղանդներից, չնայած՝ ինչքան գիտեմ՝ Հայաստանում մի քանի հարյուր հազար աղանդների անդամ կա, որոնք մասնակցեցին այս խմբի ընտրությանը: Նրանք չունենալով ադմինիստրացիայի հետ կապվելու այլ ռեսուրսներ, այս ճանապարհն են ընտրում՝ աղանդավոր, բավականին ագրեսիվ սիոնիստական կազմակերպությունների հետ են գնում համագործակցության, որը Հայաստանին վտանգի տակ է դնելու: Ինչ վերաբերում է Եկեղեցուն, նրանք պատերազմ են հայտարարել Եկեղեցուն, պարզվում է՝ պատմական Հայաստանն է մեզ խանգարում, Արարատը, ոչ թե այն մարդիկ, որոնք 7 տարի կործանեցին Հայաստանը:

Այս ճանապարհն են ընտրել և չեն հասկանում՝ սա ինչի կարող է բերել: Ես անընդհատ տեղեկություններ եմ ստանում, որ Իսրայելի հարձակումն Իրանի վրա ժամանակի հարց է: Սա Իսրայելի երազանքն էր, նա դա անելու է, Իրանը պատասխանելու է, որից հետո ԱՄՆ-ը ընդգրկվելու է այս պատերազմի մեջ, որը մեզ դնելու է շատ վտանգավոր վիճակի մեջ»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս