Կան որոշակի ծրագրեր, որոնք այլևս չենք ֆինանսավորում. Գարետ Ուորդ

Վրաստանում Միացյալ Թագավորության դեսպան Գարետ Ուորդը նշել է, որ իրենք արդեն հստակ ասել են` կդադարեցնեն Վրաստանի կառավարությանն աջակցող ֆինանսավորման ծրագրերը, կսահմանափակեն պաշտպանական և քաղաքական շփումներն այնքան ժամանակ, քանի դեռ Վրաստանում չի դադարել ժողովրդավարական հետընթացը։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նրա խոսքով` սա այն դիրքորոշումն է, որը Միացյալ Թագավորությունը հայտարարել է դեկտեմբերին և պահպանում է մինչ օրս։

«Կան որոշակի ծրագրեր, որոնք այլևս չենք ֆինանսավորում։ Սա այն միջոցն է, որը ձեռնարկել ենք, քանի դեռ չենք տեսել Վրաստանում ժողովրդավարական միջավայրի բարելավում, և երբ այդ բարելավումը տեղի ունենա, հնարավոր կլինի կրկին ներգրավվել այդ ծրագրերում»,- ասել է դեսպանը։

Ըստ նրա` Միացյալ Թագավորությունը նաև շարունակում է ֆինանսավորել քաղաքացիական հասարակությանը Վրաստանում, քանի որ կարծում է` քաղաքացիական հասարակությունը ցանկացած ժողովրդավարական հասարակության կարևոր մասն է:

Դեսպանի ընդգծմամբ` Միացյալ Թագավորությունը ցանկանում է, որ վրացական տնտեսությունը հաջողություն ունենա։

Տեսանյութեր

Լրահոս