ԱՆԻՖ-ում միլիարդավոր մսխումների գործով մեղադրյալ չկա. Դատախազությունը հաստատում է՝ որևէ մեկի մեղադրանք չի ներկայացվել․ «Փաստինֆո»

Գործող կառավարության օրոք միլիարդավոր մսխումներն ու յուրացումները, փաստացի, պարտակվում եւ քողարկվում են դատախազաքննչական մարմինների կողմից, մնում են չբացահայտված։

Մոտ մեկ տարի առաջ՝ 2024 թվականի հունվարին, Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի Ռոմանոս Պետրոսյանը «Ազատությանը» հայտնել էր, որ ԱՆԻՖ-ում չարաշահումներ են հայտնաբերվել։

«Պետական վերահսկողական ծառայությունը (ՊՎԾ) ուսումնասիրություններ է արել ԱՆԻՖ-ում՝ Պետական հետաքրքրությունների ֆոնդ ընկերությունում ու պարզել, որ ընկերությունը պետությունից ստացած ֆինանսական միջոցները արդյունավետ չի օգտագործել»,- ասել էր Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ խոսքը գնում է եւ՛ ներկայացուցչություններում կամ կենտրոնական ապարատում որոշակի ծառայությունների ձեռքբերմանը, եւ՛ ներդրումների գործընթացներին, եւ՛ ղեկավար անձնակազմի աշխատավարձերի, պարգևավճարների, գործուղումային ծախսերի բաշխմանը, դրանց արձանագրմանը։

2024 թվականի ապրիլին դատախազությունը հայտնեց, որ Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդում»՝ ԱՆԻՖ-ում ենթադրյալ չարաշահումների վերաբերյալ կա հարուցված քրեական գործ, սակայն, չկան ներգրավված մեղադրյալներ։

«Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ում իրականացված ուսումնասիրության արդյունքում կազմված տեղեկանքի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 256-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով վստահված գույքը հափշտակելը) և ՀՀ քրեական օրենսգրքի 277-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս) նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախաքննությունը շարունակվում է Քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գործերի քննության վարչությունում։

Բացահայտումներից անցել է շուրջ 1 տարի, սակայն դատախազությունը գաղտնի է պահում Նիկոլ Փաշինյանի կառավարության օրոք ստեղծված հիմնադրամում չարաշահումների առթիվ քննությունը։

Ճիշտ է, կառավարությունն արդեն լուծարել է ԱՆԻՖ-ը՝ ընդունելով, որ կառույցի ստեղծումը ու դրա համար ծախսված գումարներն անարդյունավետ են եղել, բայց մսխումների մեղավորներին պատասխանատվության ենթարկել չեն պատրաստվում։

«Փաստինֆո»-ն գրավոր հարցում էր ուղարկել դատախազություն, ինչին ի պատասխան հայտնել են, որ ներկա պահին որևէ անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցված չէ, նախաքննությունը շարունակվում է։ Կառույցից նշել են, որ քրեական վարույթի շրջանակներում հարցաքննվել են մի շարք անձինք, կատարվել են մի շարք քննչական գործողություններ։

Կառույցից նաև հետաքրքրվել էինք, թե որքան է կազմում պետությանը պատճառված վնասը, որը, սակայն, չի հանրայնացվում։

«Քրեական վարույթով միջոցներ են ձեռնարկվում հանցանքների կատարման արդյունքում պատճառված վնասը հստակեցնելու ուղղությամբ»,- նշել են դատախազությունից։

Նշենք, որ ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանն ԱԺ ամբիոնից հայտարարել է, որ ԱՆԻՖ-ում վատնվել է մոտ 25 մլրդ դրամ։

Այն, որ առնվազն մեկ տարվա ընթացքում իրավապահները ոչ միայն որևէ անձի նկատմամբ հետապնդում չեն իրականացրել, այլև՝ անգամ չեն կարողանում պարզել պետությանը պատճառված վնասի չափը՝ հիմքեր է տալիս ենթադրելու, որ իրավապահ մարմինները լծվել են կոռուպցիոն չարաշահումները պարտակելու գործին, քանզի մտահոգված են, որ կոռուպցիոն հանցավոր դրսևորումների թելերը կարող են տանել մինչև իշխանություններ, ընդհուպ՝ մինչև ղեկավար կազմ։

Հիշեցնենք, որ 2019-2023 թթ. ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահն էր Տիգրան Ավինյանը, միաժամանակ՝ 2018-2021 թթ., նա ՀՀ փոխվարչապետն էր, իսկ 2022-2023 թթ.՝ Երեւանի փոխքաղաքապետ: «Փաստինֆո»-ն իր լրագրողական հետաքննության ընթացքում բարձրաձայնել էր Ավինյանի կողմից փոխքաղաքապետի եւ ԱՆԻՖ-ի տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնների համատեղումն արգելող օրենսդրական կարգավորումների մասին։ ԿԿՀ-ն ԱՆԻՖ-ից պահանջել էր 2019-2023 թթ. իրականացրած ոլորտային ծրագրերի (այդ թվում՝ նախատեսվող ծրագրերի) եւ դրանց վերաբերյալ հաշվետվությունների, ինչպես նաեւ տնօրենների խորհրդի ձեւավորման օրվանից սկսած՝ հրավիրված նիստերի արձանագրությունների պատճենները եւ իր ուսումնասիրությունների արդյունքներն ուղարկել էր դատախազություն, որն էլ դրանք ուղարկել էր Հակակոռուպցիոն կոմիտե, որտեղ 2023 թ. ապրիլի 22-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ ՔՕ 277-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (Մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը): Այս գործի մասին եւս պաշտոնական աղբյուրները լռում են։

Տեսանյութեր

Լրահոս