ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի. Սուրեն Սարգսյան

Սուրեն Սարգսյանը գրում է. «ՀՀ իշխանությունը ճիշտ կանի, որ ԱՄՆ-ում նոր դեսպան նշանակի

ԱՄՆ-ում նոր վարչակազմ է եկել, նոր արժեհամակարգով, պահպանողական հայացքներով, քրիստոնեական խոր հավատքով: Ընդ որում, եկել է նաև ծայրահեղ լիբերալիզացիայից քաղաքացիների բողոքի արդյունքում և հետևանքով:

Ընդհանրապես, կրոնի գործոնը չի կարող կարևոր չլինել Թրամփի վարչակազմի համար: Վերջիվերջո 82% ավետարանական բողոքականներ նշել են, որ նախապատվությունը տվել են Թրամփին: Նույնը վերաբերում է 61% կաթոլիկներին և 58% ոչ ավետարանական բողոքականներին։ Թրամփի երդմնակալության ողջ ընթացքը համեմված էր քրիստոնեական թեմատիկայով: Բացի “God Bless America” և “So Help Me God” ավանդական ձևակերպումներից, քրիստոնեական տարբեր եկեղեցիների հոգևոր սպասավորների աղոթքներից՝ Թրամփն Աստծուն շնորհակալություն էր հայտնում իր կյանքը փրկելու համար: Իր երդմնակալության ելույթում Թրամփը տալիս էր այսպիսի ձևակերպումներ “I Was Saved by God”, “We Will Not Forget Our God”, “One Glorious Nation Under God”, “People of Religion, Faith and Goodwill” և այլն:

Աջակիցների հետ իր հանդիպումներում Թրամփը խոստանում էր բարձրացնել ոչ միայն պահպանողական քրիստոնյաների քաղաքական դերկատարումը, այլև նրանց գաղափարական ազդեցությունը։ Նա խոստացել էր, որ կարգելի այլ սեռերի կիրառումը քանի որ Աստված ստեղծել է միայն երկու սեռ՝ արական և իգական։ Նա խոստացել էր հիմնել դաշնային հանձնաժողով՝ հակաքրիստոնեության դեմ պայքարելու համար և առավել մեծ դերակատարություն ապահովել պահպանողական քրիստոնյա երիտասարդ առաջնորդներին: Նա նաև խոստանում էր փրկել կրոնը Ամերիկայում:

Այս խոստումներից որոշներն արդեն իսկ կյանքի է կոչել:

Ի դեպ, շատ գրագետ և հաշվարկված այս հարցին մոտեցավ Վրաստանի նախագահ Զուրաբիշվիլին: Ճիշտ ժամանակին (երդմնակալությունից մեկ օր առաջ) ճիշտ տեղում (հանրապետականների Foxnews-ում) հայտարարեց, որ Վրաստանն աշխարհի առաջին քրիստոնյա պետությունն է՝ նոր գաղափարական հիմք դնելով Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններ ձևավորելու համար: Դե, եթե Հայաստանից նման մեսիջներ չեն գնում, դա պետք է անեն այլ երկրներ:

Հիմա գանք Հայաստան

Հայաստանի իշխանությունները բացեիբաց աջակցում էին դեմոկրատներին: Չեմ բացառում, որ Վաշինգտոնից դեսպան Մակունցը վստահեցնում էր, որ Հարիսը հաղթելու է և պետք է նրա վրա ամբողջական խաղադրույք կատարել: Սա ճակատագրական սխալ էր և «պլան Բ» բնականաբար չկար: Հանրապետականները շատ լավ գիտեն իրենց նկատմամբ այս տեսակ վերաբերունքի մասին: Մակունցն այնքան անթաքույց վերաբերմունք ունի հանրապետականների նկատմամբ, որ նրանց միջոցառումներին մասնակցելուց էլ դրա մասին խուսափում է գրառումներ կատարելուց դեսպանության ֆեյսբուքյան էջում (թեկուզ երդմնակալության պաշտոնական արարողություններից մեկին ի թիվս այլ դեսպանների մասնակցելու վերաբերյալ): Հատկանշական է, որ Մակունցը դեսպան է նշանակվել 2021թ. և պարտադրել է, որ նախագահի հրամանագրում ամրագրվի նրա պաշտոնավարման ժամկետը՝ չորս տարով: Սովորաբար դեսպաններին ժամկետով չեն նշանակում, գործում է 2+1 ավանդույթը և ընդհանրապես դեսպանի հետկանչի ժամկետի ընտրությունը քաղաքական որոշում է:

Հույսս կտրելով «դիվանագետներից» կարծում եմ Թրամփի վարչակազմի հետ մեր լոբբիստական և շահերի պաշտպան (advocacy group) կազմակերպություններից զատ կարող է շատ արդյունավետ աշխատել Հայ Առաքելական եկեղեցին, մանավանդ, որ Արամ Առաջինի հետ Թրամփի կոնտակտն արդեն իսկ ստացվել է, վստահ եմ Գարեգին Երկրորդի հետ էլ կստացվի:

Ի դեպ, 1994թ., երբ Հայաստանում կասեցվել էր ՀՅԴ գործունեությունը, կուսակցության և իշխանության հարաբերությունները ոչ պակաս լարված էին՝ քան այսօր: Սակայն, ի պատիվ ԱՄՆ-ում մեր առաջին դեսպան Շուգարյանի և Հայ Դատի (ANCA) գրասենյակի ղեկավարների, նրանք համագործակցության եզրեր գտնում էին հանուն Հայաստանի Հանրապետության՝ մի կողմ դնելով քաղաքական սուր հակասությունները: Գործող դեսպանն այդպես էլ չկարողացավ Վաշինգտոնում համագործակցության եզրեր գտնել ազդեցիկ այս կառույցի հետ»:

Տեսանյութեր

Լրահոս

Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգված կլինի․ ICCՀունիսյան ընտրություններից առաջ Հայաստանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հրապարակել է քաղաքական ծրագիրը, որը կոչ է անում հեռացնել Ամենայն հայոց կաթողիկոսին և ուրվագծում է Հայ առաքելական եկեղեցու վերակառուցման քաղաքականացված «ճանապարհային քարտեզ»։ Քննադատների կարծիքով՝ այս աննախադեպ քայլը երկրի սահմանադրության ուղղակի խախտում է և պետության կտրուկ միջամտություն կրոնական գործերին․ գրում է Միջազգային քրիստոնեական կոնցեռնը (International Christian Concern, ICC)։ Առաջիկա ընտրություններից առաջ հրապարակված ծրագիրը որպես իր 10-րդ քաղաքական նպատակ նշում է Հայ առաքելական եկեղեցու «փաստացի ղեկավարի» հեռացումը՝ հղում անելով Գարեգին Բ կաթողիկոսին։ Հատկանշական է, որ փաստաթուղթը խուսափում է նրա եկեղեցական տիտղոսն օգտագործելուց, ինչն, ըստ դիտորդների, արտացոլում է ինչպես պաշտոնը, այնպես էլ ինստիտուտը խաթարելու ավելի լայն ջանքեր։ Ղեկավարության փոփոխությունից զատ՝ կուսակցության ծրագիրն առաջարկում է եկեղեցական մի շարք լայնածավալ բարեփոխումներ, այդ թվում՝ կաթողիկոսի տեղապահի նշանակումը, Եկեղեցու նոր կանոնադրության մշակումը և նոր կաթողիկոսի վերջնական ընտրությունը՝ վերանայված կառուցվածքների ներքո։ Առաջարկվող կանոնադրությունը կներդնի ֆինանսական վերահսկողության և հոգևորական կարգապահության մեխանիզմներ՝ ոլորտներ, որոնք ավանդաբար կառավարվում են Եկեղեցու կողմից։ Իրավական փորձագետներն ու կրոնական ազատության պաշտպանները զգուշացնում են, որ նման առաջարկները կրոնական մարմնի ներքին կառավարմանն ուղղակի քաղաքական միջամտություն են։ Հայաստանի սահմանադրությունը ճանաչում է Հայ առաքելական եկեղեցու բացառիկ դերն ազգային կյանքում և ամրագրում է Եկեղեցու և պետության միջև տարանջատման սկզբունքը։ Այս երկակի շրջանակն ավելի է ամրապնդվում 2007 թվականի եկեղեցի-պետություն հարաբերությունների մասին օրենքով, որը հստակորեն ճանաչում է Եկեղեցու ինքնակառավարման իրավունքը։ Քննադատները պնդում են, որ քաղաքական կուսակցության կողմից ղեկավարության փոփոխություններ կանխորոշելու կամ կառուցվածքային բարեփոխումներ պարտադրելու ցանկացած փորձ խախտում է այդ պաշտպանությունները։ Ինչպես նշվում է, անցած տարվա ընթացքում լարվածությունը զգալիորեն սրվել է, և կառավարությունն ավելի թշնամաբար է տրամադրված Եկեղեցու անկախությունը սահմանափակելու իր ջանքերում։ Բնակչության ավելի քան 90%-ն իրեն նույնականացնում է Հայ առաքելական եկեղեցու հետ, որը երկար ժամանակ ծառայել է որպես ազգային ինքնության անկյունաքար, մասնավորապես՝ օտարերկրյա տիրապետության և ցեղասպանության ժամանակաշրջաններում։ Պատմականորեն Եկեղեցու վրա քաղաքական վերահսկողություն սահմանելու փորձերը կապված են եղել արտաքին ուժերի, այդ թվում՝ խորհրդային իշխանությունների հետ, որոնք ձգտում էին սահմանափակել կրոնական ազդեցությունը։ Քննադատները զգուշացնում են, որ ներկայիս առաջարկները կրկնում են այդ նախկին ջանքերը՝ մտահոգություն առաջացնելով երկրում կրոնական ազատության ապագայի առնչությամբ։ Եթե իշխող կուսակցությունն ապահովի ընտրական հաղթանակ, այն հետագայում կարող է պահանջել հանրային մանդատ՝ առաջարկվող փոփոխություններն իրականացնելու համար, ներառյալ՝ Եկեղեցու կառավարմանը միջամտությունը՝ չնայած այս հարցի վերաբերյալ հստակ հանրային քննարկման բացակայությանը։ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/258335/ ABC MEDIA © 2026. Բոլոր իրավունքները պաշտպանված են

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031