
Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի տնտեսական բանակցությունները վերսկսվում են

Վեց տարվա ընդմիջումից հետո Թուրքիան և Եվրոպական Միությունը (ԵՄ) ծրագրում են մարտ կամ ապրիլ ամսին անցկացնել տնտեսական թեմայով բարձր մակարդակի հանդիպում։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:
Ակնկալվում է, որ դա կնպաստի փոխադարձ առևտրի աճին և տնտեսական համագործակցության խորացմանը։ Կայանալիք հանդիպումը համարվում է կարևոր հնարավորություն Թուրքիայի և ԵՄ-ի միջև տնտեսական հարաբերությունների վերականգնման համար:
ԵՄ հանձնաժողովի ընդլայնման հարցերով անդամ Մարտա Կոսը Բրյուսելում կայացած Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստի ժամանակ մեկնաբանել է Թուրքիայի հետ կայանալիք վերոհիշյալ հանդիպումը: Նա նշել է, որ իրենք գնահատում են Թուրքիայի կողմից փախստականներին օգնելու ուղղությամբ կատարված աշխատանքները և ընդգծել, որ անցյալ տարի կայացված որոշման համաձայն՝ Թուրքիայի հետ ավելի շատ երկխոսություն հաստատելու ուղղությամբ քայլեր կձեռնարկվեն:
Հիշեցնենք, որ տնտեսական օրակարգով Թուրքիա-ԵՄ բարձր մակարդակի վերջին հանդիպումը տեղի էր ունեցել 2019 թվականի փետրվարի 28-ին Ստամբուլում:
ԵՄ հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը 2024-ի դեկտեմբերի 17-ին մեկնել էր Թուրքիա և հանդիպել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Չնայած հանդիպման հիմնական թեման Սիրիայի զարգացումներն էին՝ մամուլի ասուլիսի ժամանակ նա հայտարարել էր, որ անհրաժեշտ է ամրապնդել Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունները։