ՀՀ անդամակցությունը ԵՄ-ին ՀՀ ինքնիշխան որոշումն է, բայց բոլոր դրական և բացասական կողմերը հաշվի առնելը ևս ՀՀ իշխանությունների պատասխանատվությունն է. Լավրով
«Երևանի ու Մոսկվայի հարաբերությունները ներկայումս պարզ չեն, բայց համագործակցությունը շարունակվում է, ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հրավիրվել է Մոսկվա, ընդունել է հրավերը, մենք նրան սպասում ենք»,- այս մասին այսօր ՌԴ ԱԳՆ-ում 2024թ․ արդյունքներն ամփոփող ասուլիսի ընթացքում հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին։ ՌԴ գլխավոր դիվանագետն ընդգծեց և հիշեցրեց ՌԴ կառավարության դիրքորոշումը՝ Հայաստանի անդամակցությունը Եվրամիությանը, որին ձգտելու մասին հայտարարել է Երևանը, անհամատեղելի է ԵԱՏՄ անդամակցության հետ։ Նա հիշեցրեց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անհամատեղելիության մասին։
«ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն երկու տարբեր ազատ առևտրի գոտիներ են, տուրքերից և սակագներից հրաժարվելու կամ նվազեցնելու երկու տարբեր համակարգեր, դրանք չեն համընկնում»,- ասաց նա։ Միևնույն ժամանակ ԵՄ-ին կամ ցանկացած միջազգային կազմակերպությանը միանալու որոշումն, ըստ Լավրովի, ՀՀ իշխանությունների ինքնիշխան որոշումն է, սակայն նրանց պատասխանատվությունն է նաև հաշվի առնել այդ հարցի բոլոր կողմերը։
Նա նաև ասաց, որ Հայաստանը չի մասնակցում ՀԱՊԿ միջոցառումներին, բայց նաև չի արգելափակում որոշումների կայացումը։ ՌԴ ԱԳՆ ղեկավարը հիշեցրեց, որ դեռևս 2022 թվականի աշնանը հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերի ֆոնին պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել սահմանին զսպիչ դեր խաղալու համար, սակայն հայկական կողմն այն ժամանակ հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ կազմակերպությունը չի պաշտպանել սահմանը սեպտեմբերյան մարտերի ժամանակ։
«Նախագահ Պուտինը բազմիցս է անդրադարձել այս թեմային, ասել է, որ չի եղել սահմանազատված սահման, ավելին, երբեք չի եղել սահմանազատում, և երեք-երկու կիլոմետր՝ այս կամ այն կողմ։ Այո, այն ժամանակ էլ նման փոխհրաձգություններ եղել են, բայց հրաժարվել ՀԱՊԿ առաքելությունից, որը շատ արդյունավետ կլիներ, նույնպես Հայաստանի ինքնիշխան որոշումն էր»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ դրա փոխարեն սահմանին տեղակայվեցին ԵՄ դիտորդները։