ԵԱՏՄ-ից դուրս գալը կունենա ռիսկեր. Տարբեր սցենարներ ենք քննարկում. Ֆինանսների նախարար
Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը դժվարացավ պատասխանել հարցին, թե արդյո՞ք Հայաստանի օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց կա։
Հաջորդ հարցին՝ հաշվարկ արե՞լ են, թե ԵԱՏՄ-ից դուրս գալուց հետո ի՞նչ է սպասվում, քանի որ Հայաստանը տնտեսապես կախված է ՌԴ-ից, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց.
«Մենք շատ տարբեր հաշվարկներ ենք արել, որոշ հաշվարկներ ունենք նաև այդ հարցերի հետ կապված, բոլոր ռիսկերը գնահատում ու հաշվում ենք, բազմաթիվ ռիսկեր կան։
Մենք տարբեր սցենարներ ենք քննարկում, տարբեր հարցեր՝ մեր աշխատանքային պրակտիկան է գնահատել տարբեր ռիսկեր։ Ունենք վերլուծություններ, թե ինչ կլինի այս կամ այն պարագայում։ Սակայն դրա մասին խոսելն անիմաստ է և տեղին չէ՝ դա մեր աշխատանքային պրակտիկան է»։
Ըստ նրա, ֆինանսների նախարարի տեսանկյունից պատասխանի ենթակա չէ հարցը, թե Հայաստանը պե՞տք է մնա ԵԱՏՄ-ում, թե՞ դուրս գա ու գնա դեպի ԵՄ, քանի որ կյանքը սև ու սպիտակ չէ, բազմաթիվ հանգամանքներ կան, որոնք պետք է հաշվի առնել որոշումներ ընդունելիս։
Ինչ վերաբերում է ԵՄ շուկայի արտահանման ծավալներին, ֆինանսների նախարարն ասաց, որ խթանման ծրագիր են նախապատրաստում, և դա վերաբերում է ոչ միայն ԵՄ-ին, երկու տարի է՝ աշխատում են, որպեսզի դիվերսիֆիկացնեն Հայաստանից արտահանումը։
Նա նաև շեշտեց՝ ԵՄ գնալու ճանապարհին ՌԴ-ից հնչող հայտարարությունները բնական են, քանի որ Ռուսաստանի ու Եվրոպայի հարաբերությունները շատ լարված են և ցանկացած նման քայլ կարող է առաջացնել սուր արձագանք։
Նա նաև դժվարացավ ասել, թե ո՞ր փուլում ԵԱՏՄ-ից դուրս գալու որոշում կկայացվի։
«Այդ պրոցեդուրաներին ինքս մանրակրկիտ տեղյակ չեմ, քանի որ այն, ինչը Կառավարության կողմից ընդունվել է, այլ բանի մասին է։ Այսինքն՝ այն բանի մասին է, որ կարելի է մտածել այդ մասին, գնալ ԵՄ-ի հետ անդամակցության ճանապարհով, բայց թե այդ ճանապարհը որքան կտևի, դժվար է ասել, որովհետև ճանապարհով մենք վաղուց ենք գնում՝ ՍԵՊԱ-ի արձանագրությունով, այսինքն՝ այս պրոցեսը նոր չէ։ Ուղղակի սա արձագանք է այն ստորագրահավաքին, որը տեղի է ունեցել»,- ընդգծեց Վահե Հովհաննիսյանը։
Միևնույն ժամանակ նա նշեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու ռիսկեր կլինեն, դա ակնհայտ է, քանի որ ՀՀ արտահանման մեծ մասը գնում է Ռուսաստան, ուստի ԵԱՏՄ-ից դուրս գալը եթե տեղի ունենա այսօր՝ կունենա իր ռիսկերը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում