Փաշինյանի կացինը իր կնոջ և աշխատակազմի վրա չի կտրում. պադավատների փոխարեն կրճատում են աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսնե՞րը

168.am-ն այսօր Պաշտպանության նախարարության (ՊՆ) աշխատակիցներից ահազանգ էր ստացել այն մասին, որ իրենց զրկել են ծառայողական ավտոբուսներից օգտվելու հնարավորությունից։

«Ասել են` ներքին հրաման կա, որ կրճատվեն այդ ավտոբուսները։

Մարդիկ կան` երկու-երեք տրանսպորտ պետք է փոխեն, որ հասնեն Պաշտպանության նախարարության շենք աշխատանքի, ինչպե՞ս են աշխատելու»,-ահազանգում էին ՊՆ աշխատակիցները։

168.am-ին փոխանցած տեղեկություններով` խոսքը 13 ավտոբուսների մասին է, որոնք տեղափոխում են նաև մոտակա մարզերից ՊՆ եկող աշխատակիցներին։

Կարդացեք նաև

ՊՆ ղեկավար կազմը խոստացել է այլ լուծումներ գտնել, իսկ աշխատակիցները զարմանքով հարցնում են` ձմռան կեսին փաստի առաջ կանգնեցնելուց առաջ չէի՞ն կարող այդ լուծումները գտնել։

Մեզ հետ զրույցում աշխատակիցներից մեկը ասաց` լսել է, որ աշխատակիցներին տեղափոխող ծառայողական ավտոբուսներից հրաժարվելու որոշումը բոլոր նախարարություններին է վերաբերում, և հավելեց` եթե մյուս նախարարությունները մայրաղաքաքի կենտրոնում են ու ավելի մատչելի են տրանսպորտի տեսանկյունից, ապա ՊՆ շենքը հեռու է։

168.am-ն այս առնչությամբ դիմել է ՊՆ-ին մեկնաբանության համար։ Առանձին հրապարակմամբ կներկայացնենք նաև ՊՆ պարզաբանումը։

Հիշեցնենք, դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը Հանրային Հեռուստաընկերության եթերում հայտարարել էր, որ ծառայողական ավտոմեքենաների կրճատում է իրականացվելու «կացնային» մոտեցմամբ։

«Ես երեկ իմ գործընկերներին ասացի, որ հիմա այս ժամանակը պատշաճ չի օգտագործվել այդ խնդիրը համակարգված և խորքային ձևով լուծելու համար։ Հիմա, ամենայն հարգանքով, այդ խնդիրը լուծելու եմ կացնային ձևով։ Ես գերատեսչությունների մեքենաների ցուցակներն ուզում եմ և ուղղակի գրիչով խազեր եմ քաշում այդ մեքենաների վրա»,-ասել էր Փաշինյանը և հավելել, որ կրճատման ենթակա մեքենաների թիվը շատ մեծ է լինելու,-Ուզում եմ ասել հետևյալը, որ խոսքը ծառայողական ավտոմեքենաների մասին է, որովհետև նախարարություններում կան մեքենաներ, որոնք չեն ծառայում անձանց, այլ ծառայում են աշխատանքներին։ Օրինակ՝ օպերատիվ աշխատանքի համար շատ մեծ թվով մեքենաներ կան, և դրանց թիվը չի կրճատվի ընդհանրապես։ Հնարավոր է, նաև ավելանա մյուս մեքենաների հաշվին»։

Փաստորեն, Փաշինյանը իր աշխատակազմին, իր ընտանիքի անդամներին սպասարկող մեքենաները կրճատելու փոխարեն, աշխատակիցներին է զրկել ծառայողական ավտոբուսներից` գերատեսչություններից ցուցակներ ուզելով ու գրիչով խազեր քաշելով, ինչպես ինքն էր հայտարարել:

Factor.am-ը դեկտեմբերի վերջին անդրադարձել էր Փաշինյանի այդ հայտարարություններին, գրելով, որ Փաշինյանի աշխատակազմը 44 մլն դրամանոց նոր «պադավատ» է ստացել մեկ ամիս առաջ․ կրճատել են 16 տարի առաջ ձեռբերված երեք մեքենա.

«Նիկոլ Փաշինյանի՝ պետական համակարգի մեքենաները «կացնային» քաղաքականությամբ կրճատելու հրահանգից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմում հրաժարվել են 16 տարի առաջ արտադրված ավտոմեքենաներից։ Այս մասին Factor.am-ը տեղեկանում է կառավարությունից ստացած գրավոր հարցման պատասխանից։

Factor.am-ին փոխանցված պատասխանում նշված ժամանակագրության համաձայն Փաշինյանի հրահանգից 10 օր անց՝ դեկտեմբերի 2-ին, վարչապետի աշխատակազմը կրճատել է 2008 թվականի արտադրության «Nissan Altima» և 2009 թվականի արտադրության երկու «Mercedes Benz S350» մակնիշի ավտոմեքենաները։ Փաշինյանի աշխատակազմում քննարկում են ևս տասնմեկ ավտոմեքենա կրճատելու հարցը, որոնցից երկուսը 2008 թվականի արտադարության են, մեկը՝ 2005 թվականի, երեքը՝ 2012, իսկ մյուսները մինչև 2015 թվականի արտադրության։ Ստացվում է՝ Փաշինյանի աշխատակազմը կրճատման տակ ազատվում է 10 և ավելի տարվա մաշվածություն ունեցող մեքենաներից միայն։

Ավելին՝ այս հին ավտոմեքենաները «դուրս գրելուն» զուգահեռ, վարչապետի աշխատակազմը նոր՝ թանկարժեք մեքենաներով է համալրվում։ Չնայած դեկտեմբերի 2-ի դրությամբ կրճատվել է երեք մեքենա, բայց Factor.am-ին փոխանցված պատասխանի համաձայն աշխատակազմին ամրացվել է նույնքան՝ երեք մեքենա։ Մինչ Փաշինյանը «կացինը վերցրել» ու կրճատում է պետական ապարատի ծառայողական մեքենաները իր աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին մեկ ամիս առաջ 43 մլն 800 հազար դրամ արժեքով մեքենա է հատկացվել։ Հարությունյանին սպասարկող մեքենան «Volvo XC90 Plug in Hybrid» մակնիշի ավտոմեքենա է՝ 2024 թվականի արտադրության։

Գերատեսչությունից հայտնում են, որ Արայիկ Հարությունյանին սպասարկող BMW-ն երկու տարի առաջ խափանվել էր և հնարավոր չէր վերականգնել։ Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 22-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ մոտ 80-90 տոկոսով կրճատելու է պետական ապարատի ծառայողական մեքենաները։ Factor TV-ի ուսումնասիրությունները, որոնք հիմնված են պետական կառույցներից ստացված տեղեկությունների հիման վրա, ցույց են տալիս, որ առայժմ հայտնի է 107 ծառայողական մեքենա կրճատման մասին»։

Հիշեցնենք նաև, որ վերջերս ԶԼՄ-ներում քննարկման նյութ էր դարձել Նիկոլ Փաշինյանի կնոջը սպասարկող թանկարժեք ավտոմեքենան:

«Հայաստան» խմբակցության» պատգամավոր Գեղամ Մանուկյանը նույնիսկ հարց էր բարձրացրել, թե ով է որոշում փոխել Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի ավտոմեքենան։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ նա այդ մասին հարցրել էր Պետական պահպանության ծառայության պետի տեղակալ Գրիգորի Առաքելյանին։

«Մամուլում շատ գրվեց, որ Աննա Հակոբյանին սպասարկող մեքենան 145 հազար դոլար է, թեև 1-2 տարի առաջ այլ ծառայողական մեքենա էիք կարծես գնել։ Կարգը ո՞նց է, ա՞նձն է որոշում, որ իր մեքենան փոխեք, թե՞ 2 տարվա մեջ դուք տեսնում եք, որ ջիպն այնքան է մաշվել, որ անպայման պետք է նոր մեքենա առնեք»,-ԱԺ-ում հարց էր հնչեցրել Գեղամ Մանուկյանը։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը տարեվերջին լրագրողների հետ զրույցում ասել էր, որ 2025 թվականին ծառայողական մեքենաների ձեռքբերում չի նախատեսվում։

Հարցին, թե երբ Նիկոլ Փաշինյանի տիկնոջը սպասարկելու համար պետական բյուջեից դուրս է գրվում մոտ 134 հազար դոլարանոց LEXUS՝ որն է դրա արդյունավետությունը, հատկապես, որ նրա հետևից էլ թիկնապահներ են շրջում՝ լրացուցիչ ծախսով՝ նախարարը պատասխանել էր, որ հարցը կարող են ուղղել պետական պահպանությանը։
«Քաղաքականություն իրականացնող մարմիններն իրենք են որոշում, թե որն է առաջնահերթություն։ Ես չեմ կարող ասել՝ ծախսերի որ մակարդակն է ընդունելի, որը՝ ոչ»,-ասել էր նախարարը։

Բնականաբար, որևէ մի պաշտոնյա «դուխ չի անի» ասի, որ հրահանգը իջեցվում է հենց Փաշինյանի կողմից` կնոջ ուղղորդմամբ, նրանք ընտանիքով են որոշում` ով և ինչ արտոնություն կամ աշխատանքային պայմաններ պետք է ունենա:

Փաստորեն, Փաշինյանը գրիչով խազեր է քաշել գերատեսչությունների աշխատակիցներին սպասարկող ավտոբուսների, ծառայողական ավտոմեքենաների վրա` կացնային հրահանգով դրանք կրճատել տալով, սակայն անձամբ իրեն, իր ընտանիքի անդամներին, իր յուրային ՔՊ-ական պաշտոնյաներին սպասարկող պադավատները ոչ միայն չեն կրճատվել, այլև էլ ավելի թանկարժեք ավտոմեքենաներով են փոխարինվել։

Տեսանյութեր

Լրահոս